«Այսպիսի քննարկումները թույլ են տալիս դառնալ որոշումների կայացման և իրականացման մաս»:
«Հայաստանն ու Սփյուռքն այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն, կարևոր է, որ մենք միանանք ու համախմբվենք»:
«Ներկա պահին արևմտահայերենը վտանգի տակ է և պետք է ինչ-որ ուժ, կառույց, որ պահպանի այդ լեզուն»:
«Հայաստանում կարող են լինել սփյուռքահայ պետական պաշտոնյաներ, որոնք մագնիսի դեր կկատարեն»:
…
Հարյուրավոր մտքեր, գաղափարներ, դիրքորոշումներ և առաջարկներ հնչեցին Ապագա Հայկականի երիտասարդական քննարկմանը Հայաստանի Եվրոպական համալսարանում: Հայաստանից և Սփյուռքից տասնյակ ուսանողներ քննարկեցին «Հայաստան-Սփյուռք միասնականություն» թեման:
Ապագա Հայկականի երիտասարդական քննարկումները միտված են երիտասարդների շրջանում երկխոսության խրախուսմանը, Հայաստանում և Սփյուռքում կառուցողական բանավեճի առաջ մղմանը՝ խթանելով մեր հավաքական ապագայի տեսլականի ձևավորման գործընթացը տարբեր ոլորտներում:
Քննարկման ավարտին ՀԵՀ ուսանողները քվեարկեցին ծրագրային նախընտրելի առաջարկների օգտին: