«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը սկսում է երիտասարդական քննարկումների շարք՝ նպատակ ունենալով ապագայի համատեղ ծրագրման գործում ներգրավել Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի երիտասարդությանը:
Այս ձևաչափով նախաձեռնության առաջին քննարկումը տեղի ունեցավ հուլիսի 28-ին Սյունիքում՝ «Դավիթբեկյան խաղեր»-ի շրջանակում: Խաղերին մասնակցող թիմերը քննարկեցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից մեկը՝ «Պատմական պատասխանատվություն»-ը:
Քննարկումներին մասնակցեցին Երևանից, Արցախից, Սյունիքից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից, Արմավիրից, Արարատից, Կոտայքից, Լոռուց, Արագածոտնից և Տավուշից 119 պատանիներ ու երիտասարդներ։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հանդես եկան ուշագրավ առաջարկներով ու գաղափարներով, ծավալեցին բանավեճ հայության ամենաօրհասական խնդիրների շուրջ, բաց, անկեղծ մթնոլորտում քննարկեցին հայությանը հուզող հարցերի լայն շրջանակ և քվեարկեցին իրենց համար առավել նախընտրելի ծրագրերի օգտին:
«Դավիթբեկյան խաղեր»-ի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումն ուղղված էր ինչպես ապագայի համատեղ ծրագրմանը, այնպես էլ երկխոսության խթանմանն ու լուծումների մշակմանը:
Ապագա Հայկականի երիտասարդական քննարկումները հայ երիտասարդների միջև երկխոսությունը խրախուսելու, կառուցողական բանավեճի մշակույթը Հայաստանում և Սփյուռքում առաջ մղելու նպատակ ունեն՝ խթանելով մեր միասնական ապագայի տեսլականի ձևավորման գործընթացը տարբեր ոլորտներում:
Քննարկման ձևաչափը հիմնված է միջազգային լայն ճանաչում ունեցող «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա, որտեղ երիտասարդներն ունեն ակտիվ դեր որոշումների կայացման գործում, կարող են հանդես գալ տարբեր և հակադիր տեսակետներով, քննարկել առաջարկվող թեմաները, ձևակերպել հարցադրումներ, ինչպես նաև առաջարկել ծրագրային լուծումներ քննարկվող հիմնախնդիրների լուծման համար: