12.03.2024

Արտակ Ապիտոնյանի հրաժեշտի ուղերձը

The Future Armenian- 1

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ընտանիքի սիրելի անդամներ,

Լրացավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում իմ գործունեության 2 տարին և ես ավարտում եմ առաքելությունս:

2022-2024 թթ. բեկումնային և ծանր կորուստներով լի ժամանակներ էին բոլորիս համար: Այս ընթացքում հիմնադրամը փորձել է անել հնարավորինը՝ համահայկական ներուժը մեկտեղելով՝ ճգնաժամից դուրս գալու միասնական օրակարգ ձևավորելու, հայության խորացող բևեռվածությունը հաղթահարելու և Հայրենիքի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին մեկ սեղանի շուրջ համախմբելու ուղղությամբ:

2023 թ. մարտին մեզ հաջողվեց կազմակերպել բացառիկ իրադարձություն՝ համահայկական քաղաքացիական ասամբլեա, ուր մեկ սրահում հավաքվել էին աշխարհասփյուռ հայության բոլոր շերտերի ներկայացուցիչները, և համայն հայության այդ ձևավորված մանրակերտը քննարկում էր մեր ժողովրդի ապագան համատեղ կառուցելու ուղիներ: Ապագա Հայկականի Համաժողովը մասնակիցների կազմով և օրակարգով ոչ միայն առաջին նման միջոցառումն էր հայ իրականության մեջ, այլև պարունակում էր նորամուծություններ ամբողջ աշխարհում քաղաքացիական ասամբլեաների անցկացման համատեքստում: Այն վերհանեց համահայկական առաջնահերթություններ և նախագծեց ապագայակենտրոն հստակ գործողություններ:

Ցավոք, հավաքական ապագային միտված բազմաթիվ գաղափարների կենսագործման ճանապարհին նորանոր արտաքին խոչընդոտներ են ծառանում, և մեր ժողովուրդը շարունակում է անցնել կատակլիզմների միջով, որոնցից ամենաողբերգականը Արցախի հայաթափումն էր: Բայց այլընտրանք չկա՝ ներկայի խնդիրները կարելի է հաղթահարել միմիայն ապագայի ընդհանուր տեսլական նախանշելով և բացառապես հավաքական ջանքերով:

Ավարտելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի իմ առաքելությունը՝ երախտագիտությունս եմ հայտնում նախաձեռնության հիմնադիրներին՝ Նուբար Աֆեյանին, Ռուբեն Վարդանյանին, Արթուր Ալավերդյանին և Ռիչարդ Ազարնիային անսպառ վստահության և անսասան աջակցության համար:

Եվս մեկ անգամ իմ զորակցությունն եմ հայտնում Ռուբեն Վարդանյանին և իր ընտանիքի անդամներին: Այս ծանր փորձության ճանապարհին շարունակելու եմ լինել ձեր կողքին:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում և Սփյուռքում գործընկեր բոլոր կազմակերպություններին և անհատներին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» գաղափարներին, հայությանը համախմբելու մեր ջանքերին հավատալու և աջակցելու համար:

Շնորհակալ եմ Հայաստանում և Սփյուռքում հարյուրից ավելի փորձագետներին, որոնք իրենց փորձն ու գիտելիքն անշահախնդիր ներդրեցին մեր ժողովրդի միասնական ապագայի կերտման աշխատանքներում:

Շնորհակալ եմ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» համայնքի 120 հազարից ավելի անդամներին մեզ միանալու և սատարելու համար:

Որպես «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» հավատավոր նախաձեռնող, մաղթում եմ հարատև և անխափան քայլերթ։ Վստահ եմ, որ հասնելու ենք մեր նախանշած բոլոր նպատակներին և միասին կերտելու ենք մեր ժողովրդի երազանքների ապագան:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu