Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից
Հարգելի հայրենակիցներ,
Քիչ առաջ հաստատվեց, որ Արցախից դուրս գալու ժամանակ ադրբեջանական իշխանությունները գերևարել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին: Այս մասին հայտնել է Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը: Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:
Կոչ ենք անում լսելի դարձնել արդարության ձեր ձայնը՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի: