10.03.2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ապագա Հայկականի Համաժողովի մասնակիցներին

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՂՋՈՒՅՆԻ ՈՒՂԵՐՁԸ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՌԻԹՈՎ
(մարտի 10-12, 2023 թ․)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում «Ապագա հայկականը» նախաձեռնության հիմնադիրներիդ և համաժողովի բոլոր մասնակիցներիդ։
Դուք այսօր համախմբվել եք մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով ապագայի տեսլականով։ Գոհունակություն է Մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներ աշխարհի տարբեր երկրներից և պատրաստակամ են ջանքեր ներդնել՝ դիմակայելու համար ներկայիս մեր ազգի առջև հառնած մարտահրավերներին։

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, մեր տարածաշրջանում և աշխարհում ընթացող զարգացումները մեր հայրենիքը կանգնեցրել են բարդ իրադրության հանդիման։ Մեր ժողովուրդը հայտնվել է գոյաբանական սպառնալիքների առջև։ Վճռորոշ այս իրավիճակում ազգային ներուժի համախմբումը, համահայկական երկխոսությունը կարևոր է և հրամայական։

Միայն միասնությամբ ի զորու կլինենք հաղթահարելու առկա ճգնաժամը և փորձությունների մեջ տարուբերվող մեր երկիրն առաջնորդել դեպի հուսալի, խաղաղ ու ապահով կյանքի հանգրվաններ։ Մեր միասնության մեջ է, որ պիտի ի հայտ գա մեր իմաստությունն ու զորությունը, մեր միասնության մեջ պիտի դրսևորվի հայրենիքի և ազգի շահը ամեն անձնականից ու վաղանցուկից վեր դասելու մեր կամքն ու գիտակցությունը։ Համատեղ ջանքերով պիտի հոգ տանենք հայրենի մեր երկրին, որ երաշխավորն է մեր հարատևության։

Այս համոզումով և հավատով մեր ժողովուրդը հայրենիքում և սփյուռքում պիտի ձեռնամուխ լինի հայրենանպաստ և ազգօգուտ իրագործումների։ Նույն նախանձախնդրությամբ մեր եկեղեցականներն իրականացնում են իրենց առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, նաև այսօր իրենց մասնակցությունը բերում «Ապագա հայկականը» համաժողովի փորձագիտական խմբերի աշխատանքներին։

Հայրապետական Մեր գնահատանքը բերելով ամենքիդ՝ մաղթում ենք, որ Բարձրյալն Աստված զորավիգ լինի ձեզ հայրենանվեր ձեր հանձնառություններում և օրհնի բոլոր ջանքերը, որ նախանձախնդիր ոգով կգործադրվեն հանուն մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի խաղաղության ու ապահովության և աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի։

Բարի ընթացք համաժողովի աշխատանքներին։

Լուսանկարներ

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu