Ապագա Հայկականը Համաժողովի փորձագիտական հանձնախմբերի աշխատանքները սկսված են
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կայացան փորձագիտական հանձնախմբերի առաջին հանդիպումները: «Հայաստան-Սփյուռք միասնականություն» հանձնախմբի առկա ձևաչափով անդրանիկ հանդիպումը ղեկավարում էր լրագրող և հրապարակախոս Արամ Աբրահամյանը, իսկ «Պատմական պատասխանատվություն» հանձնախմբի առցանց քննարկումը՝ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Յուրաքանչյուր թեմայի առնչությամբ փորձագիտական հանձնախմբերը քննարկելու են զարգացման հնարավոր սցենարները և դրանց հիման վրա մշակելու են փորձագիտական համապարփակ հիմնավորմամբ առաջարկությունների նախագծեր՝ Համաժողովի հանրային քննարկմանը ներկայացնելու համար:
Նոյեմբերի 11-13-ը կայանալիք Ապագա Հայկականի առաջին Համաժողովին ընդառաջ ստեղծվել են երեք հանձնախմբեր՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ» թեմաներով՝ կազմված Հայրենիքում ու Սփյուռքում ոլորտի առաջատար մասնագետներից։