Նոյեմբերի 16-ին ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցում տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության ռազմավարական նիստը՝ նվիրված կրթության ոլորտի խնդիրներին։ Հանդիպմանը մասնակցում էին կրթության ոլորտի փորձագետներ, ներկա էր նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը: Քննարկումը համակարգում էր Power of People ընկերության ղեկավար և պրոֆեսիոնալ ֆասիլիտատոր Եկատերինա Կարմակը:
Մասնակիցները քննարկեցին նախադպրոցական կրթության զարգացման հիմնական ուղիները, ինչպես նաև Հայաստանում ավագ սերնդի հավելյալ կրթություն ստանալու հնարավորությունները շարունակական ուսուցման հայեցակարգի շրջանակներում, նախանշեցին Հայաստանում կրթության ոլորտի հեռանկարները և առաջարկներ ներկայացրեցին դրա օպտիմալացման համար։
Քննարկումը հիմնված էր «Հայաստան 2021 – Հայաստան 2041» հաշվետվության լայնածավալ ուսումնասիրության արդյունքների վրա, որն իրականացրել է «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերությունը «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և վերջինիս պատվերով 2021 թվականի տարեսկզբին։