25.06.2021

Ազատ Արցախ. Futures Studio-ի վերլուծական թիմի հոդվածն «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության չորրորդ նպատակի մասին

Futures Studio-ի վերլուծական թիմի կողմից պատրաստած հոդվածը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության չորրորդ նպատակի վերաբերյալ։ Ստորև կարող եք ծանոթանալ ամբողջական հոդվածին։

Ազատ Արցախ

Ներկայիս իրավիճակը Արցախում (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) միջազգային երկու հայեցակետ ունի՝ աշխարհաքաղաքական և իրավական: Այս երկու հայեցակետն էլ շատ կարևոր են: Եվ սխալ է իրավիճակի իրավական կողմն անտեսելը: Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախում պատերազմը մեկ անգամ ևս ընդգծում է երկու մրցակցող սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության միջև հակադրությունը:

Արդյո՞ք ազգերի ինքնորոշման իրավունքն ավելի կարևոր է, քան պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Արցախյան հակամարտության պարագայում միջազգային իրավունքի տեսանկյունից սա է ամենակարևոր հարցադրումը: Ուսումնասիրելով բազմաթիվ փաստաթղթեր և զրուցելով մի շարք փորձագետների հետ՝ մենք որոշեցինք ձեզ ներկայացնել մի քանի մտքեր։

Տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավական համակարգի շատ կարևոր բաղադրիչ է: Այն արգելում է ուժի գործադրմամբ տարածքային ձեռքբերումները: Այս սկզբունքը դատապարտում է երկրի ազգային միասնության և տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական խախտումը:

Այդուհանդերձ, այս սկզբունքն էլ անբեկանելի չէ: Մի շարք երկրներ, օրինակ՝ Հարավսլավիան, Չեխոսլովակիան, ԽՍՀՄ-ը, մասնատվել են և ճանաչվել նոր՝ միջազգայնորեն ընդունելի սահմաններով:

Ավելին, տարածքային ամբողջականության սկզբունքը հաճախ մրցակցության մեջ է միջազգային իրավունքի մեկ այլ՝ «ազգերի» ինքնորոշման իրավունքի հետ:

Արդարադատության միջազգային դատարանն ինքնորոշման սկզբունքը սահմանել է որպես ժողովուրդների ազատ կամարտահայտությունը հաշվի առնելու անհրաժեշտություն: Ազգերի ինքնորոշման իրավունքն ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրության մեջ, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային հռչակագրերում, կոնվենցիաներում և Գլխավոր ասամբլեայի բանաձևերում:

Այդուհանդերձ, բազմաթիվ մեծ երկրներ, որոնք քաղաքական լուրջ ազդեցություն ունեն ՄԱԿ-ի շրջանակներում, չեն ցանկանում ինքնորոշման իրավունքը ճանաչել որպես բացարձակ իրավունք: Հետևաբար, միջազգային իրավունքը ազգերին մեխանիկորեն չի շնորհում արդեն իսկ անկախ պետությունից անջատվելու իրավունք:

Բարեկամական հարաբերությունների մասին ՄԱԿ-ի hռչակագրերից մեկում ամրագրված է, որ ինքնորոշման իրավունքը չի խրախուսում կամ չի տալիս իրավունք մասնատելու պետության տարածքային կամ քաղաքական ամբողջականությունը, եթե տվյալ պետությունը պահպանում է ազգերի իրավունքների հավասարության և ինքնորոշման սկզբունքները:

Հայտնի դարձած մի դատական գործում[1], որն իր հատուկ տեղն է գտել միջազգային իրավունքի պրակտիկայում, Կանադայի Գերագույն դատարանը (աշխարհի ամենաիրավասու և անկախ գերագույն դատարաններից մեկը) հայտարարել է, որ «անջատման իրավունքը կարող է ծագել միայն ազգերի ինքնորոշման սկզբունքի շրջանակներում, երբ «ազգը» օտարի հալածանքների, գերիշխանության կամ շահագործման առարկա է: Դա հնարավոր է նաև այն դեպքում, եթե «ազգին» մերժվում է իր ինքնորոշման իրավունքի որևէ իմաստալից կիրառում այն պետության կողմից, որի մաս է կազմում»:

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) էթնիկ հայերի շուրջ ստեղծված իրավիճակի պարագայում երկու հիմնական հարցեր կան.

Առաջին՝ Ադրբեջանի կառավարությունը մշտապես փորձել է վարել ագրեսիվ պետական քաղաքականություն, որի արդյունքում հայկական մեծամասնությունը (70%-ից ավելի) կդառնար փոքրամասնություն:

Երկրորդ՝ Ադրբեջանի կառավարությունն աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական կառավարություններից մեկն է՝ լիովին անգործունակ իրավական համակարգով: Սա շատ հեշտ է ապացուցել: 2017 թվականին Ադրբեջանի նախագահը սահմանադրական փոփոխություններ կատարեց միայն նրա համար, որ իր կնոջը նշանակեր երկրի փոխնախագահ՝ դարձնելով երկրում երկրորդը լիազորություններով (Գլոբալ իրավական ազդարարի (Global Legal Monitor) հոդվածը տե՛ս այստեղ):

Հարց է առաջանում, Արցախի էթնիկ հայերն այսքանից հետո ինչպե՞ս կարող են որևէ հարցի շուրջ բանակցել Ադրբեջանի կառավարության հետ:

Արդարադատության միջազգային դատարանն աներկբայորեն հաշվի է առնելու այս բոլոր փաստերը: Հայաստանը չպետք է վախենա աշխարհին ներկայանալ որպես պետություն, որը գործում է օրենքի գերակայության սկզբունքի հիման վրա և հակված է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը:

Հանրային միջազգային իրավական վեճերը քննող հիմնական ատյանը Արդարադատության միջազգային դատարանն է, որը հայտնի է նաև որպես Համաշխարհային դատարան: Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը մինչ օրս վերջանականորեն չեն ճանաչել Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը՝ որպես պարտադիր: Բայց դա չի խոչընդոտում երկու պետություններին կոնկրետ գործերով դիմել Դատարան:

Եզրակացություն

Միջազգային իրավունքի մեջ «պետությունների տարածքային ամբողջականության» (անվանենք՝ ՊՏԱ) հասկացությունը, որն Ադրբեջանը մշտապես հնչեցնում է, ներմուծվել է պաշտպանելու համար մի պետությունը մեկ այլ պետության ագրեսիայից (բռնակցումից, տարածքային պատերազմներից, ուժի գործադրմամբ միջամտություններից և այլն): Այլ կերպ ասած, դրա հիմնական նպատակն ու թիրախը ոչ թե «ներքին», այլ «արտաքին» է:

Սակայն ՊՏԱ սկզբունքը որևէ կերպ չի վերաբերում պետության կազմում ապրող ժողովուրդներին: Սա նշանակում է, որ որևէ երկիր երբևէ չի կարող ՊՏԱ սկզբունքը կիրառել սեփական բնակչության մի մասի հանդեպ՝ անկախ այդ բնակչության՝ փոքրամասնության կարգավիճակ ունենալուց, դավանած կրոնից կամ այլ հանգամանքներից:

Այս ամենը փաստում է, որ «անկախության միակողմանի հռչակումը» կամ «ազգերի ինքնորոշման իրավունքը» տվյալ պետության կազմում ապրող մարդկանց կողմից չի հակադրվում ՊՏԱ սկզբունքին:

Արցախի պարագայում հիմնական փաստարկը պետք է լինի հետևյալը՝ եթե մենք խոսում ենք կոռումպացված, բռնապետական և շահագործող պետությունների մասին, որոնք հանցավոր համագործակցության մեջ են ահաբեկիչների հետ, ապա «անկախության միակողմանի հռչակման» իրավունքը պետք է գերակայի տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ:

Գուցե նման պետությունների համար լավագույն լուծումը մասնատումն է ավելի փոքր իրավական պետությունների: Այդպիսով դրանք կդառնան շատ ավելի ապահով ու անվտանգ միավորներ: Եթե գոյություն ունի որևէ վկայություն մարդու իրավունքների խախտումների, խտրականության դրսևորումների կամ էթնիկ զտումների իրականացման վերաբերյալ, ապա բոլոր միջազգային կազմակերպությունների բարոյական պարտքը պետք է լինի աջակցել փոքրամասնություն կազմող ժողովրդի՝ բռնապետությունից անկախանալու և բնաջնջումից խուսափել ձգտմանը:

Հայերը պետք է տեր լինեն Արցախի անկախությանը երկու՝ միջազգային իրավունքի և աշխարհաքաղաքական ճակատներում:

Դավիթ Թավադյան

Հիմնադիր գործընկեր

 

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu