Արտակ Ապիտոնյանի խոսքը «ռեԱրմենիա 2.0» միջոցառման շրջանակներում
Այսօր կայացավ «ռեԱրմենիա 2.0» միջոցառումը, որի շրջանակներում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը խոսեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության և «ռեԱրմենիա»-ի նշանակության ու դերի մասին, կարևորեց նախաձեռնությունների փոխլրացնող բնույթը՝ ընդգծելով միմյանց հետ համագործակցելու կարևորությունը։ Խոսքից մի հատված ստորև՝
«Սույն թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ մի նշանակալից իրադարձություն՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը և «ռեԱրմենիա» համագործակցային հարթակը ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր: Այս հուշագիրը առաջին քայլն է երկու կազմակերպությունների համագործակցության համատեքստում, որի նպատակն է՝ նպաստել Հայաստանի, Արցախի ու համայն հայության կայուն զարգացմանն ու բարգավաճմանը:
Եվ սա պատահական չէ, որ մեր առաջին նման հուշագիրը ստորագրվել է «ռեԱրմենիա» հետ, քանի որ «ռեԱրմենիա» առաջարկում է ցանցային համագործակցության մի յուրահատուկ ու հետաքրքիր մոդել, որը հնարավորություն է ստեղծում հավաքագրել գիտելիք, փորձ, կապեր, և ֆինանսավորում կոնկրետ նախագծերի իրականացման համար:
Իսկ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը համախմբում է Հայաստանի, Արցախի, ու Սփյուռքի համայն հայությանը կայուն զարգացմանը նպաստող համահայկական 15 ռազմավարական նպատակների շուրջ՝ առաջարկելով իր համագործակցային հարթակը այն բոլոր հասարակական, բարեգործական, մասնավոր, պետական ու այլ կազմակերպություններին, ինչպես նաև անհատներին, ովքեր ուզում են իրենց կարողությունները համախմբել այս նպատակների իրականացման շուրջ:
Ընդ որում, ես ուզում եմ շեշտել, որ այս համագործակցային հարթակները ու ցանցը պատկանելու են բոլոր մասնակիցներին, հավասարազոր համագործակության սկզբունքով: Մենք ոչ մի կերպ չենք ձգտում կառավարել այս նպատակների շուրջ ձևավորվող համագործակցային ցանցերը, այլ ձգտում ենք ստեղծել բոլոր հնարավորությունները համակարգված ու արդյունավետ համագործակցության համար, որը կներառի բոլոր շահագրգիռ կողմերը: Եվ այս առումով, մեր համագործակցությունը «ռեԱրմենիա»-ի հետ համատեղ հարթակի ստեղծման աղյուսներից է, և մենք հույս ունենք որ այս աղյուսները գնալով ավելանալու են, ստեղծելով ամուր հիմք մեր բոլորիս կողմից բաղձած ապագայի համար»: