«Ապագա Հայկականի» Արցախյան ֆորում
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ նվիրված Արցախում բնակչության աճի թեմային:
Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:
Մասնակիցները հանգամանալից անդրադարձել են երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրներին, ներկայացրել դրանց կայուն և արդյունավետ լուծման ուղղությամբ իրենց դիտարկումները և քննարկում անցկացրել փորձագետների կողմից ներկայացված առաջարկությունների շուրջ:
Արցախյան ֆորումին ընդառաջ տեղի են ունեցել ժողովրդագրության ոլորտում հայ առաջատար փորձագետների մի շարք հանդիպումներ և քննարկումներ: Վերջիններիս ընթացքում մշակվել և ձևակերպվել են տարբեր սցենարների հիման վրա Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ, որոնք ներկայացվել են Արցախյան ֆորումի մասնակիցների դիտարկմանը և ընդունմանը:
Մեկօրյա քննարկումների և քվեարկության արդյունքում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» արցախցի նախաձեռնողների կողմից ընդունված առաջարկությունները, որպես գործողությունների համապարփակ փաթեթ, առաջիկայում ներկայացվելու են պետական մարմիններին, հայկական կառույցներին և կազմակերպություններին, գործարար շրջանակներին Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում՝ դրանք համատեղ ջանքերով իրագործելու համար:
Արցախյան ֆորումի քննարկումների համառոտագիրը հասանելի է այստեղ։
Ներկայացնելով քննարկումների անցկացման և առաջարկությունների ընդունման մեթոդաբանությունը՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանն ընդգծեց. «Սա հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության խթանման հարթակ է, որում չկան կրթական, տարիքային, բնակության վայրով պայմանավորված բաժանարարներ: Բոլորը, որպես մեկ հանրության անդամներ, միասնաբար բարձրաձայնելու են առկա խնդիրները, միասնաբար քննարկելու և որոշելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը»:
Ֆորումին ընթացքին հետևել և մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն են հղել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ» համանախաձեռնողներ Ռիչարդ Ազարնիան, Արթուր Ալավերդյանը, Արամ Բեկչյանը և Ռուբեն Վարդանյանը: