03.06.2021

Ռիչարդ Ազարնիայի հացազրույցը «Օրեր» համաեվրոպական ամսագրին և առցանց լրատվամիջոցին․ հունիսի 3, 2021 թ․ (հայերեն)

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռիչարդ Ազարնիայի հարցազրույցը Պրահայում հրատարակվող «Օրեր» համաեվրոպական ամսագրին և առցանց լրատվամիջոցին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության մասին։

«Օրեր»: 51-ամյա Ռիչարդ Ազարնիան Ֆրանսիայում հիմնադրել  է  MLINDA   եւ The good Investors ընկերությունները, որոնք օժանդակում  են համակարգային փոփոխություններին, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծում հավաքական մտավոր կարողությունների եւ ընդհանուր ներդրումների միջոցով այնպիսի ֆինանսական համակարգի ստեղծման, որը  կապահովի շահույթ։ 

2021 թվականից «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հիմնադիր կազմի անդամ է։ Այս նախաձեռնությունը կապված չէ քաղաքական որեւէ խմբի հետ, այլ ֆինանսավորվում է շահույթ չհետապնդող «Հայաստան 2041» հիմնադրամի նախաձեռնողների՝ Ռիչարդ Ազարնիայի, Արթուր Ալավերդյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի կողմից։ Այն նպատակ ունի խթանելու Հայաստանի եւ հայության ապագայի վերաբերյալ հանրային դիսկուրսը։

-Խնդրեմ ներկայացրեք ձեր ընտանիքի պատմությունը,  ի՞նչ կրթություն եք ստացել  եւ ինչպե՞ս որոշեցիք մաս կազմել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը։

— Իմ ընտանիքի պատմությունն էլ հետաքրքիր է, ինչպես յուրաքանչյուր հայի։ 1938 թվականին հայրական եւ մայրական կողմի ծնողներս Վրաստանից եւ Հայաստանից փախել են Իրան։ Ավելին, հայրս ծնվել է Բաքվում, բայց ես եւ մայրս ծնվել ենք Թեհրանում։ Ութ տարեկան էի արդեն, երբ Իրանում տեղի ունեցան փոփոխություններ, եւ մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա։  Այստեղ  ավարտեցի դպրոցը, ապա մեկնեցի ԱՄՆ ուսանելու, սովորեցի Բրաունի եւ Չիկագոյի համալսարաններում, ապա վերադարձա  եւ ավարտեցի Փարիզի Ունիսվերսիտե Պաղի Դու  եւ INSEAE համալսարանները՝  պատմություն, իրավագիտություն մասնագիտությունների գծով։ Արդեն 20 տարի է Փարիզում  եմ, կառավարում եմ մեր ընտանեկան՝ MLINDA   եւ The good Investors ընկերությունները։  Ներդրումներ ենք կատարում, որոնք կապված են սոցիալական եւ բնապահպանական զարգացման ոլորտների հետ։  5 տարի առաջ միջազգային ֆորումներից մեկի ժամանակ ծանոթացա Ռուբեն Վարդանյանի հետ, ինչ որ մասնակցություն արդեն ունեցա «Ավրորա» նախաձեռնությանը  եւ մեկ տարի առաջ նա տեղեկացրեց,  որ նոր նախաձեռնություն են սկսում, եւ կարող եմ արդյո՞ք մասնակից դառնալ։  Այդպես դարձա նոր նախաձեռնության մասնակից։

Ի՞նչը Ձեզ ստիպեց, որպեսզի մասնակցեք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»  ծրագրին։ Հատկապես ի՞նչը գրավեց։

— Թեեւ ես հայ եմ, բայց ես երբեք ոչ մի հայկական մասնակցություն չեմ ունեցել հայկական որեւէ կազմակերպության, քանի որ ոչ ցանկություն եմ ունեցել եւ ոչ էլ դրա կարիքը։ Առաջինը, շատ սփյուռքահայեր միայն ցեղասպանության մասին են խոսում եւ մտածում, իսկ մեր ընտանիքը, թեեւ  սփյուռքահայ ենք,  բայց Սովետական Ռուսաստանից եւ Հայաստանից է փախել ։  Կարծում եմ ինձ խանգարում  է, որ միշտ դեպի անցյալն են նայում, եւ մոռանում են, որ հիմա Հայաստան կա։ Հետեւաբար մեր աչքերն ու միտքը պետք է նայեն ոչ թե դեպի անցյալ, այլ Հայաստանի ապագան։ Դա ինձ միշտ խանգարել  է։ Հաջորդն այն է, որ ոչինչ չեմ տեսել, որն ինձ կհետաքրքրի։ Շատերը սփյուռքում զբաղված են իրենց առօրյա հարցերով։  Ու քանի որ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի ծրագիրը ոչ թե կոնկրետ քաղաքի ու գյուղի մասին է, այլ ողջ հայության ապագայի մասին է, դա էլ ինձ հետաքրքրեց։

-Ես մասնակցել եւ ներկա եմ եղել «Հայաստան 2020» ծրագրի տարբեր քննարկումներին, եւ այն ժամանակ, 2003 թվականին, Հայաստանի զարգացման չորս հնարավոր ուղղություն էր նշվում՝ Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ, Սիրիայի տարբերակը եւ Սինգապուրի ուղին, որոնք ի դեպ արվել էին որոշակի հետազոտությունների հիման վրա։  Այդ ծրագիրն  ի վերջո իր նպատակին չծառայեց, քանի որ Հայաստանի կառավարություններն ի գիտություն ընդունեցին կատարված աշխատանքը, բայց ոչ մի դասեր չքաղեցին դրանից։ Հիմա դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ «Ապագա հայկականը» նոր նախագծի կատարած աշխատանքը եւ աշխարհասփյուռ հայության մասնակցությունը  կարող է իր ազդեցությունը ունենալ Հայաստանի ապագա կառավարությունների վրա։ Մեխանիզմներն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Այժմ երեք բան է փոխվել։  Նախ  Հայաստանի վիճակն է  փոխվել, եւ դա միայն պատերազմի պատճառով  չէ կամ կորոնավիրուսի , եւ ոչ էլ որ հին համակարգի՝ Սարգսյանի ռեժիմն է փոխվել։ Ինձ թվում է, որ Հայաստանը հասկացել  է, որ միայնակ չի կարող առաջանալ։ Փաշինյանը կարծում էր , որ առանց Ռուսաստանի կարող է ինչ որ բան անել, բայց իրականում չի կարող։  Դա իրատեսական մոտեցում չի։  Այնուհետեւ  30 տարի շարունակ իրենց թվում  էր, թե առանց սփյուռքահայության Հայաստանը կարող է զարգանալ։ Իհարկե, կարող  էր,  բայց նույն ուժն ու  նույն արդյունքը  չէր ունենա։   Մինչ այդ, ինչպես էր՝  հայերը ուրախ էին, որ տարեկան մեկ- երկու անգամ գնում էին  Հայաստան, գումար էին ծախսում, բնակարան էին ձեռք բերում, խորոված ուտում եւ վերադառնում իրենց երկիրը։  Նման կյանքը շատերին բավարարում էր։ Հետեւաբար, սա արդեն մեծ փոփոխություն է, որ հասկանում են, թե միայնակ առաջ գնալ չի լինի։  Մյուս կողմից  վիճակը շատ է փոխվել։ Այսօր կարող ենք ողջ Հայաստանը կորցնել կամ էլ  կարող է մնալ եւ դառնալ Ռուսաստանի խաղալիքը, որից ոչ մի օգուտ չի լինի։ Երկրորդ տարբերությունն այն է, որ սփյուռքահայերը այժմ պատրաստ չեն այսպես շարունակել։  Մենք պատրաստ ենք մեր փորձն ու մեր ուժը ներդնենք, որպեսզի ապահովենք Հայաստանի ապագան։ Սփյուռքի ու Հայաստանի ուժերով միասին քայլենք։ Դա շատ կարեւոր է։ Երրորդը, ինչպես  Նուբար Աֆեյանն  ու Ռուբեն Վարդանյանն  են երեսուն տարվա մեջ  շատ դասեր քաղել, այժմ  լավ տեսնում են,  որ այսքան տարիների ընթացքում որքան գումար որ ներդրել  են,  չեն կարողացել այն արդյունքներն  ապահովել, որոնք ուզում էին։  Հետեւաբար նրանք բացել են իրենց ծրագիրը բոլորի առջեւ՝ թե սփյուռքահայերի եւ թե օտարների,  եւ պատրաստ են լսել մեր կարծիքը։  Նաեւ այս նախաձեռնողների խումբը պետք է մեծանա, հետեւաբար այս համակարգն այնպիսին պետք է լինի, որ օտարներն էլ կարողանան գան եւ իրենց ներդրումն ունենան։  Ի դեպ, նշված  15 կետերը սկզբում 10 էին, բայց 300 անհատների նայելուց հետո, նոր առաջարկներ եղան եւ այդ կետերն ավելացան։

Այժմ մեխանիզմների մասին։  Երեք ձեւ եմ տեսնում։ Նախ ինչու չենք աշխատում կառավարության հետ միանգամից, այլ ծրագիր ենք մշակում, որովհետեւ չենք ուզում , որ սա քաղաքական հարց լինի։ Մենք չենք ուզում այնպես ստացվի, որ մենք Փաշինյանի հետեւում ենք, Քոչարյանի կամ մի այլ մեկի, որ վաղը կգա իշխանության։ Այդ պատճառով կարեւոր էր, որ շատերին ներգրավենք այս  ծրագրի մեջ։ Եվ այս բանավեճերից հետո երեք բան կա, որ ուզում  ենք կյանքի կոչել։ Մեկը «Ապագան այսօր», հիմնադրամն է,  որը կկարողանա ներդրումային գումարներ բերել Հայաստան, որպեսզի մեր նպատակները իրականություն դառնան։ «Գլոբալ  Արմինյան իմփաքտ նեթվորկ» ծրագիրն է, ըստ որի պետք է այնպես անել , որ  սփյուռքահայերն առանց Հայաստան գնալու,  իրենց փորձը եւ գիտելիքները տարբեր ձեւերով փոխանցեն Հայաստանին։  Պետք է այնպիսի փաստերի բանկ ստեղծենք, որ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կարողանան տարբեր նախագծերի մասնակցեն եւ իրենց աջակցությունը բերեն։  Եվ հաջորդը, որպեսզի ամեն տարի մեր աշխատանքից տուրք վճարենք  այդ նախագծերին եւ մասնակցենք։

Հաջորդը այնպիսի  հետազոտական ինստիտուտ ստեղծենք, որը Հայաստանը չունի։ Սրանից բացի ուզում ենք պլատֆորմ ստեղծել, որտեղ օտարների նախաձեռնությունները կենտրոնացված ձեւով  հավաքվեն, եւ քննարկումների միջոցով ընտրվեն կարեւորագույնները։ Այսինքն եթե  20 հոգի  մտածում են նույն նպատակի համար, ապա պարտադիր չի, որ ամեն մեկը նույն գործն անի առանձին –առանձին։ Հետեւաբար, այս ամենը պետք է խելացի ձեւով կազմակերպել եւ առաջ տանել։

Դուք երկու ընկերություն ունեք Ֆրանսիայում , որոնք կայացած են իրենց բնագվառներում։ Ի՞նչ եք կարծում, ձեր ընկերությունները կարող են ներդրում անել Հայաստանում, որը օգուտ կբերի ե՛ւ Ձեզ, ե՛ւ Հայաստանին։

-Իմ գործունեությունը կապված է այն խնդրի հետ, թե ինչպես ենք ներդրումներ անում եւ որտեղ ու  ինչ պայմաններում։ Ես դա միայնակ չեմ որոշում։ Ունենք ներդրումային կոմիտե, որը քննարկում է բոլոր տարբերակները, եւ որոշում է կայացնում։ Ես չեմ կարող ասել Հայաստանն իմ երկիրն է, վատ են պայմանները, մենք գումար կկորցնենք, եթե ներդրում կատարենք, բայց եկեք, այնունաամենայնիվ, ներդրում կատարենք։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք նման քայլ չենք անի, եթե արդյունքում օգուտ չկա։ Այստեղ  խնդիրն այն չէ, որ ավել գումար աշխատենք, մենք նման խնդիր չունենք։

Իհարկե, եթե միայն ինձանից կախված լիներ, իմ անձնական գումարը դնելու հարց լիներ, եւ մի նախագիծ լիներ, որը ոտքի կանգնելու համար գումարի  պետք ունի, եւ մենք կարող ենք դնել  այդ գումարը, որ այն զարգանա եւ  նոր նախագծերի աղբյուր դառնա, դա այլ հարց է։ Եվ երկրորդը, ես հետաքրքրված եմ , ես Հայաստանը սիրում եմ, ես ուզում եմ մասնակցել։ Այլ բան է, որ իմ օրինակով, ես օտարներին ցույց տամ, որ ահա անցյալ տարի այսքան գումար ենք ներդրել , այսքան գումար ենք աշխատել, եկեք դուք էլ ներդում կատարեք։ Դա իրենց համար ավելի հետաքրքիր է։  Հայաստանը միակը չի այս վիճակում, Վրաստան, Ադրբեջան կամ այլուր  ներդրում կատարելը գրեթե նույն ապագան ունի։ Եվ ես կողմնակից եմ, որ ոչ թե միայն հայերի գումարները գան, այլեւ օտարների, որոնք կհետաքրքրվեն։ Մենք այսօր Աֆրիկայում եւ Հնդկաստանում ենք ներդրումներ անում, եւ  ես  ոչ հնդիկ եմ, ոչ էլ աֆրիկացի, բայց  քանի որ հետաքրքիր նախագծեր կան, մասնակցում ենք։ Եթե լավ օգուտ կա, հետեւում ենք։ ,,Ապագան այսօր,, հիմնադրամը  լավ պետք է կառավարվի, իսկ  մենք բոլորս՝ Աֆեյանը,   Վարդանյանը,  Ալավերդյանը եւ ես արդեն ունենք նման փորձառություն, գիտենք, որ այն ինչպես պետք է կառավարել,  որպեսզի արդյունք ստեղծի։ Ու եթե դա տեսնեն դրսում, կգան, քանի որ իրենց  համար երկիրը կարեւոր չէ, կարեւորը իրենց ներդրումից օգուտ ստանալն է։

-Ձեր նշած 15 կետերից երկու կետի եմ ուզում եմ անդրադառնալ։ Առաջինը սփյուռքի հզորացումը եւ ուժեղ սփյուռքն է, եւ սփյուռքահայ կառույցների արդիականացումը, թարմացումը։  Ինչպե՞ս եք պատկերացնում, դա ի՞նչ ձեւով պետք է իրականացվի։ Քանի որ ես վերջին հինգ տարիներին ՕՐԵՐ ամսագրի ,,Եվրոպահայ համայնքները» նախագծի շրջանակներում շփվում եմ Եվրոպայի  հայ երիտասարդների հետ, նրանցից շատերը ասում են, որ իրենց  չի բավարարում  համայնքային կազմակերպությունների ներկա վիճակը, իրենք չունեն իրենց հետաքրքրությունները բավարարող շրջանակներ, եւ մի տեսակ դուրս են մնացել համընդհանուր սփյուռքյան տարբեր տեսակի կազմակերպություններից։ Իհարկե, կան հայկական կազմակերպություններ՝ ՀԲԸՄ, եւ այլք, որոնք երիտասարդական  ծրագրեր ունեն, բայց դա բավարար չէ։ Ինչպե՞ս պետք է այդ երիտասարդությանը շահագրգռել, որպեսզի մասնակցեն թե՛ սփյուռքյան կառույցների արդիականցմանը, եւ թե՛ Հայաստանյան ծրագրերին։

-Հետաքրքիր է, երբ պատմում եք, կարծես իմ պատմությունը լինի, քանի որ ես էլ երբեք չեմ  հետաքրքրվել։ Եվ այդ պատճառները, որոնք դուք նշեցիք , նման էին իմ պատճառներին։ Դրա համար  հասկանում  եմ իրենց մտահոգությունները։  Երեք բան կարեւոր է։ 10 միլիոն հայ կա աշխարհում, որից  1/3-ը Հայաստանում է։ Մնացած 7 կամ 1 միլիոնի պետքն էլ չունենք։ Մենք պետք չունենք 100 հազարների, բավական է, որ մի քանի հազար ուժեղ, հետարքրված հայեր լինեն, մարդիկ, որոնք պատրաստ են  երկար ժամանակ Հայաստանի ապագայի գործին նվիրվեն, այդ դեպքում հնարավոր կլինի սկսել։ Մենք  նման չենք սփյուռքահայ կազմակերպություններին, որ ձգտում են ողջ հայությանը ներկայացնել։  Ուժեղ սփյուռք ասելով հասկանում ենք, ոչ թե որ բոլորին միավորենք, այլ որ միասին քայլենք նույն ճանապարհով։ Իհարկե, չենք էլ կարող ասել, որ 20 հոգին բավարար է։ Կարեւորը, որ երիտասարդությունը հետեւի։ Եթե հավատում ենք, որ Հայաստանը միշտ պետք է լինի, պետք է մշտապես հետեւենք այս ծրագրերին եւ մի սերունդից մյուսը փոխանցենք։ Մի քանի խնդիր կա այստեղ։ Առաջինը մեր նպատակն է, մեր աշխատելու ձեւը եւ ինչ ենք ուզում ստեղծել։ Հայերն, իհարկե, չեն հավատում հաճախ, բայց երբ փաստում ես, ճիշտ ուղի ես ցույց տալիս, այդ ժամանակ կարող ես հույս ունենալ, որ մարդիկ կհետեւեն։ Պետք է մի քանի քայլ  անենք, մարդիկ տեսնեն, որ լուրջ ենք, որ լավ ձեւով ենք կազմակերպում, գումար ենք ներդնում, որ այս նախագիծը իրականություն դառնա։ Հետո ցույց ենք տալիս, որ մենք միայն մեր գործերը չենք առաջ տանում, այլ նաեւ օտարներինը։ Այդ ճանապարհին ընդունում ենք նաեւ ցանկացած ավելի խելոք միտք։ Ցույց ենք տալիս, որն է եղել մեր սխալը, որտեղ ենք հաջողության հասել, այսինքն՝ թափանցիկությունը շատ կարեւոր է։ Հայաստանում  ամեն ինչ փակ է, վախենում  են իրենց փորձառությամբ օտարների հետ կիսվել, իսկ սփյուռքում ավելի թափանցիկության են վարժված։ Տասը տարի առաջ չկար այսօրվա համակարգը։ Կարեւոր է ապակենտրոնացնել ,,նոդելային,, ցանցերը։  Ամենամեծ  վերահսկումը աշխարհում գուգլն ու ֆեյսուբուքն ունեն, բայց նրանք ոչ մի ուժ չունեն, միայն ինֆորմացիա ունեն։

Մեր ծրագրում  ամեն մեկին պետք է տեղ տանք, բայց մի համակարգի մեջ։  Եթե կարողանանաք դա ստեղծել,  դա միություն կստեղծի ու նաեւ կլինի արդիական։ Հայաստանն այսօր մոդեռն չի, հայկական ձեւերը արդիական չեն։ 15 կետերից մեկում նշում ենք, որ հայկական ժառանգությունը պահենք։ Մի պահ մտածենք, որ մենք այսօր ողջ չէինք լինի, կամ կարող է լինեինք, բայց հայերեն չխոսեինք։ Բայց մեր ազգն ունի յուրահատուկ մի բան, որ 4000 հազար տարի կարողացել է գոյատեւել, ու այդ ամենն ինչ որ ունենք, պետք է պահենք, բայց անցյալում չմնանք, պետք է ապագային նայենք ու առաջ շարժվենք։

Հայերը հպարտանում են, որ 1700 տարի առաջ  Քրիստոնեություն են ընդունել, բայց չգիտեն ինչ պայմաններում է դա եղել։ Հետեւաբար այսօր էլ մենք պատրաստ ենք նոր գործ սկսել եւ  Հայաստանը պետք է երկրագնդի լաբորատորիան լինի, ինչպես եղավ 1700 տարի առաջ։ Մենք այդ հզոր ուժն ունենք մեր մեջ։ Ոչ ոք եւ ոչինչ չի կարող մեզանից դա վերցնել։ Շատ քիչ ազգեր կան, որ եւ վատ վիճակում են գտնվում, եւ նման ուժ ու վստահություն ունեն իրենց մեջ։ Մենք երկրագնդին պետք է ցույց տանք, թե որն է ապագան։ Մենք պետք է սովորենք ցույց տալ, կիսվել բոլորի հետ, որ Հայաստանը կարողանա լինել այն ուժը, որ 1700 տարի առաջ ունեցել է։ Ես դրան շատ եմ հավատում եւ կարծում եմ, մեր նոր սերնդի համար դա կարեւոր նշան է։

-Ձեր նախագծում կարեւոր են, հատկապես Հայաստանի ու Արցախի անվտանգության հետ կապված կետերը, կրթության եւ գիտության զարգացումը, պատմական հիշողության եւ ցեղասպանության պահպանումը, բայց այս ամենը հնարվոր չի լինի ապահովել եւ իրականություն դարձնել, եթե չլինի ձեր նշած վերջին կետը՝ ողջամիտ կառավարումը։ Ինչպե՞ս պետք է ազդել Հայաստանի ներկա եւ ապագ կառավարությունների վրա, որպեսզի նրանք կարողանան երկիրը ճիշտ կառավարել։ Վերջին տարիների ամենամեծ բացթողումը  կառավարման անփությունն  է եւ անձեռահասությունը։ Եվ այս բոլոր խնդիրները, նաեւ պատերազմի ընթացքում եւ հետո, գալիս են ոչ հմուտ կառավարումից։ Հետեւաբար նախագծի ամենամեծ առաքելությունը պետք է լինի ներկա ու ապագա իշխանություններին կառավարման ճիշտ մոդելի հուշումը։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում  այս համագործակցությունը։

-Իրոք, սա ամենակարեւոր հարցն է։ Որովհետեւ այն ինչ մենք ցանկանում ենք անել, ինչ որ չափով նաեւ  կառավարությունը պետք է մասնակցի։ Եվ ճիշտ եք ասում, պատերազմի ու երկրի այս վիճակը երեկ չի ստեղծվել, այլ 30 տարիների ընթացքում  ենք հասել այս կետին։

Առաջինն այն է, որ մենք պետք է օրինակ լինենք մյուսների համար, նախ ցույց տանք, թե մենք մեզ ինչպես ենք կառավարում։ Իմ նշած ապակենտրոնացումից զատ, պետք է համեստ լինենք, մեր սխալները պետք է ընդունենք, մեր սխալներից պետք է դասեր քաղենք։ Այս մոտեցումը Ֆրանսիայում շատ ընդունված է, եւ նրանք, ովքեր իրենց սխալներն ընդունում են, մարդիկ այդ գործիչներին ավելի են վստահում։ Երկրորդ խնդիրը, պետք է ճշգրիտ պատճառով կառավարությունից որեւէ մասնակցություն  ակնկալենք։ Այսօր հիմնադրամների գործունեության  եւ առաջադրման հարցում Հայաստանի օրենքներն այնքան էլ  զարգացած չեն։ Եվ եթե ուզում ենք միջազգային մակարդակի հիմնադրամ ստեղծենք Հայաստանում, պետք է այս օրենքները փոխվեն, որպեսզի դրա միջազգային աշխատանքը ապահովեն, ոչ միայն հայերին գրավեն, այլեւ օտարներին։ Երրորդը սփյուռքահայության  մասնակցությունն է։Դա վերաբերում է ոչ միայն նրանց, որ պետք է գան ֆինանսական ներդրում կատարեն, այլ եւ նրանց, որոնք իրենց ժամանակն են ծախսելու, որ այս ճանապարհն անցնելու ձեւերը ցույց տան։ Հայաստանի հայերն ինչու են այս վիճակում , որովհետեւ սովետական  պետությունից են դուրս եկել, եւ այնտեղ  նման բաներ չեն սովորել, հակառակն են սովորել, ամեն ինչ  գաղտնի, ամեն ինչ թաքցնել ու վախենալ։ Այդպես առաջանալ չի լինի։ Դա կամաց- կամաց կփոխվի։ Եվ վերջինը՝ կառավարության վերին խավերը ամեն իրավունք ունեցել են եւ գումար են աշխատել, լավ ապրել են,  բայց ի՞նչ վիճակում է եղել  քաղծառայողը։ Օրինակ Բելգիան 3,5 տարի կառավարություն չի ունեցել, բայց երկիրը նորմալ ընթացքով աշխատել է, ինչո՞ւ, որովհետեւ նրանց քաղծառայողները շարունակել են աշխատել եւ ոչինչ չի փլուզվել։ Նույնը կարող էր լինել Անգլիայում կամ Ֆրանսիայում։ Դա չկա Հայաստանում։ Ոչ մեկը ոչ իրենց ուժն են դրել, ոչ ժամը, ոչ գումարը, որ ստեղծվի  այդ մարդկանց բանկը, կրթի նրանց, տեղեկացնի նրանց, ու  մնացել են ամենավախկոտ մարդիկ։ Վաղը եթե ասենք ամեն ինչ ցանկանում ենք փոխել, նրանք կընդդիմանան, կվախենան, որ կկորցնեն իրենց աշխատանքը։  Ապագայի հիմնադրամը երբ ստեղծենք, ֆինանսների կամ տնտեսության նախարարությունները կարող է մտավախություն ունենան, որ իրենց գործը կխլենք, սակայն տեղի կունենա հակառակը։ Երբ Անգլիայում բրեքսիտ եղավ, Եվրոպայի բոլոր հիմնադրամները փորձեցին այնտեղ աշխատող փորձագետներին իրենց մոտ կանչել, քանի որ հասկանում  են, ինչքան կրթված մարդ գա, իրենց համակարգը կզարգանա։ Նույնը, Հայաստանում պետք է լինի, հիմնադրամը պետք է օգտագործի արդեն եղած ենթակառուցվածքները։

-Մրցակցային դաշտ ստեղծել։

-Ճիշտ այդպես։ Եվ ամենակարեւորը՝ օրենքները փոխել, որպեսզի սփյուռքահայերը կարողանան գալ եւ աշխատել։

-Վերջին հարցը ցանկանում եմ կապել այսօրվա վիճակի հետ։ Մենք քննարկում ենք ապագայի խնդիրները, բայց հենց այսօր Հայաստանը գտնվում է սարսափելի ծանր վիճակում, եւ ինչպես քաղաքական որոշ գործիչներ ասում են՝ քաղաքացիական պատերազմի շեմին, նոր ընտրությունների շեմին։ Ներկաները չեն ուզում ընդունել իրենց մեղքերը, մյուսները՝ կապված են նախկինների հետ։ Այս առճակատումը գնալով խորանում է։ Ի՞նչ կարող է սփյուռքն անել, որպեսզի հայաստանյան զարգացումները ճիշտ հունի մեջ մտնեն եւ կանխվի քաղաքացիական պատերազմը։

-Դա դժվար հարց է։ Մի կողմից մենք իրավունք չունենք խառնվել, մյուս կողմից, երբ 10-15  տարի առաջ հայ-թուրքական արձանագրությունենրի հարց բարձրացվեց, սփյուռքը խանգարեց դրանց իրագործմանը։ Ով գիտե, եթե այդպես չլիներ, այսօր այս պատերազմին էլ չհասներ։ Չգիտեմ, չեմ կարող ասել ինչ կլիներ։ Շատ դժվար է, երբ մարդիկ այնտեղ  չեն ապրում, օրվա վիճակը չեն զգում, ընտրելու իրավունք չունեն, ինչպես կարող են խառնվել։ Այս ճանապարհին, իհարկե,  մենք պետք է մեր դերը խաղանք, եւ այն որ այս ապագվայի ծրագիրը սկսել ենք, փորձում ենք ասել, որ տեսեք, ձեր այդ ներքին կռիվներից ավելի կարեւոր է  ապագան։ Հասկանում  ենք, որ վերջին 30 տարիներին հեշտ չի եղել Հայաստանը կառավարել։ Բայց եթե ուզում եք Արցախի մնացած մասը պահել, Սյունիքը պահել, չեք կարող այսպես մոտենալ։ Մենք այս 15 կետերը առաջարկել ենք, որ այս ընտրություններին էլ քաղաքական ուժերը կարողանան խոսել ապագայի խնդիրներից, վաղը եթե աղքատ եք, եթե  ցանականք գնալ Ռուսաստանից նորից օգնություն խնդրել, չեք կարող առաջ շարժվել, Արցախ պահել կամ Սյունիք պահել։ Պետք է ճիշտ հարցեր տալ եւ ճիշտ պատասխաններ գտնել։ Այսօր ոչ ոք չի ընդունում իր սխալները, բայց հայտնի է, որ բոլորն էլ ժամանակին նույն սխալները գործել են՝ թե Փաշինյանը, թե Սարգսյանը, եւ թե Քոչարյանը։ Դա ոչ իրենց քաղաքական մշակույթում կա, ոչ էլ ընդունված է Հայաստանում։ Պետք է փոքր կռիվներին վերջ տալ, եւ մեր նշած հարցերի շուրջ խոսել եւ տեղից շարժվել։ Մենք իբրեւ օտար քաղաքացի իրավունք չունենք միջամտելու Հայաստանի ընտրություններին, ինչպես որ հայաստանցին չի կարող ինձ ասել, թե ես ում ընտրեմ Ֆրանսիայում։ Այն օրը, երբ որ պատրաստ կլինենք արյուն տալ Հայաստանի համար, որ մեր որդին ծառայի Հայաստանի բանակում, այդ օրը կարող ենք նաեւ մասնակցել ընտրությանը։

— Բայց սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիներն էլ չեն կարողանում մասնակցել այդ ընտրություններին։ Այն, ինչ որ մինչեւ 2003 թվականը կար եւ արտասահմանում ապրող հայաստանցի քաղաքացիները մասնակցում  էին, այժմ նրանք իրավունք չունեն։ Ընտրողների թվերը հրապարակելիս ընդգրկում են նաեւ դրսում ապրող ՀՀ քաղաքացիներին, սակայն նրանց չեն թողնում մասնակցել ընտրություններին։

— Դա, իհարկե, սխալ է։ Ես սփյուռքահայ ասելով նկատի ունեի նրանց,  որոնք Հայաստանի քաղաքացի չեն։ Արտասահմանում ապրող Ֆրանսիայի քաղաքացիները մասնակցում  են իրենց ընտրություններին։

Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը

Պրահա

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu