02.11.2023

«Ռուբենն ամբողջ աշխարհի բոլոր հայերի խորհրդանիշն է». Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հայաթափմանը, դրան նախորդած 9-ամսյա շրջափակմանը և Ռուբեն Վարդանյանի, Արցախի պետական ու հանրային մյուս գործիչների ձերբակալությանը:

«Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական հարձակում ձեռնարկեց, ինչը հանգեցրեց տեղի բնակչության ամբողջական կապիտուլյացիայի և, բացի երեք-չորս հոգուց, բոլորը հեռացան այնտեղից երեք օրում», — նշել է Նուբար Աֆեյանը: 

Անդրադառնալով հայերի հետ տեղի ունեցողին՝ Նուբար Աֆեյանը նշել է, որ աշխարհը հետևում է և գործուն քայլեր չի ձեռնարկում:

«Բոլորս փորձում էինք տեսնել երկարատև խաղաղություն, բայց դուք, ես, մենք տեսնում ենք, որ երբ աշխարհը հետևում է և ոչինչ չի անում, դժվար է հասնել ոչ միայն արդարության, այլև խաղաղության»:

Խոսելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի պետական ու հանրային մյուս գործիչների ձերբակալության մասին՝ Նուբար Աֆեյանն ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել էր Արցախ՝ մտահոգ լինելով ժողովրդի ճակատագրով.

«Այդ ընթացքում նա երեք ամիս զբաղեցրեց պետնախարարի պաշտոնը՝ անցած տարվա նոյեմբերից մինչև 2023 թ.  փետրվար: Դրանից հետո էլ նա մնաց այնտեղ և իրականացնում էր մարդասիրական նախագծեր՝ օգնելով մարդկանց հաղթահարել դժվարությունները: Երբ սկսվեց այս վերջին` մեկօրյա պատերազմը, և մարդիկ փախան, Ադրբեջանը հայտարարեց, որ մարդիկ կարող են ազատ հեռանալ: Ռուբենը ևս մյուսների հետ փորձեց հեռանալ, սակայն նրան ձերբակալեցին և առաջադրեցին մեղադրանքներ, որոնք ոչ մի հիմք չունեն, որևէ ապացույցներ չեն ներկայացվել: Փաստացի, Քրիստիան, Ռուբենը բոլոր հայերի, ամբողջ աշխարհի հայերի խորհրդանիշն է: Ռուբենը, որպես հաջողակ գործարար և բարերար, Հայաստանի ամենահայտնի քաղաքացին է աշխարհում, և նրան ձերբակալելը, դրանից շոու սարքելն ու մեղադրանքներ առաջադրելը հոգեբանական կտտանք է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ»:

Նուբար Աֆեյանը հիշեցրել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում: Նրա խոսքով, միջազգային հանրությունը չպետք է անտարբեր լինի և պետք է անհամաձայնություն հայտնի նաև Ռուբեն Վարդանյանի ու մյուսների գերեվարման փաստի առթիվ:

Լուսանկարներ

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu