23.02.2022

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» գործում է որպես զարգացման հիմնադրամ

Փետրվարի 23, 2022 թ Երևան։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությունը ս․ թ․ փետրվարի 21-ից գործում է որպես զարգացման հիմնադրամ։

Անցած տարի ապրիլին մեկնարկած նախաձեռնությանն արդեն միացել է 109, 000 համանախաձեռնող աշխարհի 108  երկրից:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի նոր գործադիր տնօրենը Արտակ Ապիտոնյանն է։ 2018-2021 թթ․ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նա համակարգել է Հայաստանի բազմակողմ դիվանագիտության ոլորտը, իսկ 2013-2018 թթ․ եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը Շվեդիայում և Ֆինլանդիայում: Շուրջ երեք տասնամյակ իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա նաև զբաղեցրել է այլ պատասխանատու պաշտոններ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմում, Ժնևում, Բեյրութում, Նյու Յորքում և Կահիրեում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:

Այժմ, որպես «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, նրա ջանքերն ուղղված են լինելու հիմնադրամի շուրջ ընդգրկուն գործընկերության ձևավորմանը, հանրային ներգրավվածության ընդլայնմանը և նպատակների առաջխաղացմանը։

2022-ին հիմնադրամը թևակոխում է զարգացման հաջորդ փուլ, որտեղ արդեն իսկ մշակված 15 նպատակների և հանրային աջակցության շնորհիվ, կձևավորվի նոր գործընկերների լայն շրջանակ, ինչպես նաև կիրականացվեն առանցքային ոլորտներին ուղղված ծրագրեր։

Առաջիկայում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից մեկն է լինելու Հանրային հարթակի ձևավորումը, որը բաց է լինելու Հայաստանի և Սփյուռքի բոլոր հայրենակիցների համար։

Հայաստանի և Սփյուռքի հայմայնքներից տարբեր ոլորտներ ու մասնագիտություններ ներկայացնող  անձինք կառուցողական քննարկումների միջոցով կմասնակցեն 15 նպատակների վրա հիմնված հայեցակարգային մոտեցումների մշակմանը, առաջնահերթությունների ձևավորմանն ու ծրագրերի ընտրությանը։

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu