COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու առցանց վեբինարի՝ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով, որը տեղի կունենա մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին (GMT+4), Futures Studio քննարկումների հարթակում:

Մենք հավատում ենք, որ գլոբալ համավարակների (պանդեմիա) դեմ պայքարում լուծումների փնտրտուքը պետք է հենվի առաջավոր միջառարկայական գիտելիքների և հասարակություններում թափանցիկության աննախադեպ մակարդակի վրա: Մենք նաև հավատում ենք, որ, մի սեղանի շուրջ բերելով հանրային առողջապահության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների աշխարհի փորձագետներին և պետական գործիչներին, կարող ենք բաց և անկեղծ երկխոսություն խթանել՝ միտված իրազեկվածության բարձրացմանը, վստահության և փոխվստահության ձևավորմանն առ այն, որ համատեղ ուժերով կարող ենք հաղթահարել համաշխարհային վախի ստեղծված մթնոլորտը և արդյունավետ լուծումներ  գտնել մեր առջև կանգնած այս գլոբալ մարտահրավերին:

Առցանց կազմակերպվող այս քննարկումը եզակի հնարավորություն է ներգրավվելու թեմայի մեջ և «առաջին ձեռքից»՝ COVID-19 համավարակի հետ առօրյա առնչություն ունեցող աշխարհի հեղինակավոր և արժանահավատ փորձագետներից, ազգային և միջազգային պետական այրերից իրազեկվելու դրա մասին:

Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի նոր վարակի առաջացմանը, համայնքներում խաչաձև վարակման կանխարգելմանը, պաշտպանության լավագույն՝ ապացուցված միջոցներին, համակարգչային մոդելավորմանը, հնարավոր թերապևտիկ և պատվաստումների հեռանկարներին, համավարակի դեմ պայքարում Հայաստանի և աշխարհի առողջապահական համակարգերի կարողություններին, տարածվող կեղծ լուրերին ու միֆերին, և, իհարկե, գիտական այն ներուժին, որին կարող ենք ապավինել այսօր և ապագայում:

Բանախոսները կներկայացնեն իրենց պատկերացումները, թե այս համավարակն ինչպես է անդրադառնում մեր ներկայիս առօրյայի վրա, ինչպես նաև կքննարկեն անիմանալին՝  այն սոցիալական, տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, վարքագծային և մյուս բոլոր փոփոխությունները, որոնք պետք է նախատեսենք առաջիկա ամիսներին և տարիներին համատեղ ուժերով պայքարի պատրաստ լինելու համար:

Քննարկման լեզու՝ անգլերեն:

Մասնակցություն. քննարկումը հասանելի կլինի Zoom տեսակապով և Ֆեյսբուքով: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել այստեղ:

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu