Ավարտվեց Ապագա Հայկականի առաջին Համաժողովը: Երեք օր շարունակ ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ընտրված մասնակիցները քննարկեցին Հայաստանի և աշխարհասփյուռ հայության կայուն զարգացման ռազմավարական նպատակների իրագործման հնարավոր սցենարները և ծրագրերը: Ցավոք, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով որոշ մասնակիցներ հնարավորություն չունեցան մասնակցելու Համաժողովին առկա ձևաչափով:
Այնուհետև «Բնակչության աճ» նպատակի քննարկումների մեկնարկը տվեց համանուն փորձագիտական հանձնախմբի ղեկավար, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ով հակիրճ պատմեց 5 ամիս տևած փորձագիտական աշխատանքների մասին: Նպատակի մասին պատմող տեսանյութը դիտելուց հետո Համաժողովի մասնակիցները անցան մշակված սցենարների քննարկմանն ու դրանց քվեարկությանը:
Հիշեցնենք՝ առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովին քննարկված նպատակները երեքն էին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»: Համաժողովի քննարկումներին և գրանցված արդյունքներին կարող եք ծանոթանալ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության պաշտոնական կայքէջում, շուտով նաև՝ ընդհանուր ամփոփումներին:
Օրը հագեցած էր նաև այլ քվեարկություններով:
Ի թիվս իրենց կողմից առաջարկված ծրագրերի, Համաժողովի մասնակիցները ընտրեցին նաև Ապագա Հայկականի Ծրագրային հանձնախմբի անդամներին: 26 առաջադրված թեկնածուներից ընտրվեցին առավելագույն ձայներ հավաքած երեք մասնակից-հայրենակիցները՝ Ֆլորա Վիեջերսը (ԱՄՆ), Մարինա Պետրոսյանը (Ֆրանսիա) և Արի Կևորկ Դեմիրճօղլուն (Թուրքիա): Արդյունքների հրապարակումից հետո կայացավ փակման պաշտոնական արարողությունը, որին ելույթով հանդես եկան «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան, ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով նոր էր վերադարձել Լիբանանից: Ելույթները եզրափակեց ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը՝ կարևորելով յուրաքանչյուր հայրենակցի ակտիվ մասնակցությունը նախաձեռնության հետագա անելիքներում:
Այսպիսով, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ձևավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներ ուսումնասիրեցին, քննարկեցին և ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: