20.09.2021

«Հայաստան 2020-ից Հայաստան 2041». Նախանշելով ճանապարհը դեպի ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ

«Հայաստան 2020» ծրագրի նախաձեռնողները ներկայացրեցին նախորդ քսան տարիներին իրականացրած շուրջ 700 նախագծերը եւ նախանշեցին ճանապարհը դեպի Հայաստան 2041:

Սեպտեմբերի 19-ին  Երևանում կայացավ «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» խորագրով հանդիպում-քննարկում, որի ընթացքում «Հայաստան 2020» և «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունների համահիմնադիրներ Նուբար Աֆեյանն ու Ռուբեն Վարդանյանն ամփոփեցին նախորդ 20 տարիների ընթացքում իրենց գործընկերների հետ հայկական աշխարհում իրականացրած ծրագրերը և նախանշեցին իրենց տեսլականը դեպի Հայաստան 2041:

Միջոցառման սկզբում ռետրոսպեկտիվ կերպով ներկայացվեցին վերջին 20 տարիներին (2000-2020 թթ․) Հայաստանում և հայկական աշխարհում իրականացված շուրջ 700 ծրագրեր կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մարդասիրության, մշակութային ժառանգության պահպանման, բնապահպանության, առողջապահության, տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

«Վերջին 20 տարիներին մենք փորձ արեցինք, մտածելով հասնել փոփոխության և դնելով 2020 թիվը, որպես նպատակակետ ավելի գրավիչ, բարեկեցիկ, կայուն և ինքնաբավ երկիր կառուցելու համար։ Կարծում եմ, համակարծություն կա առ այն, որ մեզ իսկապես անհրաժեշտ է ներհայեցողության միջոցով գտնելու ներշնչանք ու էներգիա անելու համար այն, ինչ պետք է անենք։ Իմ կարծիքով, բոլոր հայերը պետք է դառնան ընտրությամբ հայ և նվիրվեն Հայաստանի ապագայի կառուցմանը։ Եկեք սահմանենք հայը՝ որպես մի բան, որին բոլորս ենք ձգտում լինել։ Մենք պետք է վերակառուցենք այս ցանցը և հանուն այսօրվա 5 տարեկանների պետք է հավատանք մեր ապագային»,- ասաց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը։

Ապագայի մասին քննարկման հիմքում 2021 թ․ տարեսկզբին «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ իրականացրած «Հայաստան 2041» ուսումնասիրության արդյունքներն էին։

«Մենք Հայաստանում տարեկան գրանցել ենք ՀՆԱ-ի 6 տոկոս աճ։ Ցավոք այս աճը կայուն չէ, քանի որ մեծամասամբ հիմնված է սպառողական վարկերի և պետական պարտքի վրա։ Արտադրողականության բարելավում է գրանցվել, բայց դա բավարար մեծ չէ, որպեսզի մենք դառնանք արտահանող երկիր։ Օտարերկրյա ներդրումների առումով նույնպես մեծ ներուժ կա, որպեսզի բարելավում գրանցենք։ Ամփոփելով, մենք կարող ենք հպարտանալ մեր ձեռքբերումներով,  բայց միևնույն ժամանակ մեծ պոտենցիալ կա առաջ շարժվելու համար»,-ասաց «McKinsey & Company» Կորեայի կառավարող գործընկեր և «McKinsey & Company» Սեուլի ավագ գործընկեր Անդրե Անդոնյանը։

Բանախոսները ներկայացրեցին տնտեսության հինգ գերակա ոլորտների (գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն) ամենաուշագրավ տվյալները և նախանշեցին յուրաքանչյուր ոլորտի զարգացման հեռանկարները:

«Այսօր մենք եզակի պահ ենք ապրում և հասել է ժամանակը լուրջ որոշումներ կայացնելու։ Այդ իսկ պատճառով մենք հիմնադրեցինք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը։ Կարծում եմ, անտարբերությունը, ապագայով հետաքրքրված չլինելը կսպանի հայ ժողովրդին, միևնույն ժամանակ, այս ճգնաժամը լավ հնարավորություն է ընձեռում փոփոխությունների հասնելու համար։ Մեր նպատակներից մեկը 50 հազար ընտանիք Հայաստան բերելն է, որոնք կասեն, որ հայաստանաբնակների հետ ուզում են նոր Հայաստան կառուցել», — ասաց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը։

Միջոցառումն ամփոփվեց մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով։ Հրավիրյալների շարքում էին ՀՀ կառավարության անդամներ, արտակարգ և լիազոր դեսպաններ, սփյուռքի, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դոնորներ, գործընկերներ և տարբեր ծրագրերի շահառուներ։

Անցկացվեց նաև տեղեկատվական ցուցահանդես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» հիմնադրամի («Տաթևի վերածնունդ», «Դիլիջանի զարգացում», «Գյումրիի զարգացում» ծրագրեր), UWC Դիլիջանի քոլեջի, UWC Հայաստանի ազգային կոմիտեի,  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) մասին։

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu