31.05.2024

«Ստանձնեք առաքելություն, նույնիսկ եթե այն թվում է անհնարին»․ Նուբար Աֆեյան

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ Նուբար Աֆեյանը ելույթ է ունեցել համալսարանի ավարտական միջոցառմանը:

 

«Շնորհակալություն Մարկ՝ ինձ այդպես մեծահոգի ու որոշ չափով ամաչեցնող ձևով ներկայացնելու համար:

Նախագահ Կորնբլութ, հոգաբարձուներ ու դասախոսներ, ուսանողներ ու նրանց ընտանիքների անդամներ, շրջանավարտներ ու հետազոտողների և լուծումներ գտնողների այս ականավոր համայնքի ներկայացուցիչներ:

Ինձ համար առանձնահատուկ պատիվ է լինել ձեզ հետ այսօր:

Շրջանավարտնե՛ր, ժամանակին ես նույնպես նստած եմ եղել հենց այնտեղ, որտեղ հիմա դուք եք նստած՝ լցված հուզմունքով ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի՝ մեծ դժվարությամբ տրվող դիպլոմին հասնելու գործն ավարտին հասցնելու զգացողությամբ:

Բոլորիդ շնորհավորում եմ:

Ընտանիքնե՛ր, որպես այս համալսարանի երկու շրջանավարտի՝ Թալինի և Լենայի հայր, շատ լավ գիտեմ, թե ինչ հպարտություն, ինչ զգացողություն ունեք այսօր:

Դասախոսնե՛ր, որպես այստեղ 16 տարի դասավանդած մարդ՝ ես մոտիկից եմ տեսել, թե որքան լավ եք պատրաստում այս շրջանավարտներին իրենց կյանքի հետագա ընթացքին:

Եվ, իմ հոգաբարձու ընկերներ, մեծ պատիվ է ծառայել ձեր կողքին:

Ես անցկացրել եմ իմ մանկությունը Բեյրութում՝ Լիբանանում։ Իմ հպարտ հայկական ընտանիքի երեք սերունդ ապրում էր մեկ բնակարանում՝ իններորդ հարկում: Ես ապրում էի մեծ հորաքրոջս հետ՝ նույն սենյակում, որի պատուհանից երևում էին հին հռոմեական, օսմանյան և բյուզանդական շենքերի կարմիր սալիկով պատված կտուրները, իսկ հեռվում՝ Միջերկրական ծովը:

Երբ 1975 թ. բռնկվեց քաղաքացիական պատերազմը և կառավարությունը սահմանեց պարետային ժամ, պետական հեռարձակողը հաճախ շեղվում էր օրական երեք ժամ հեռարձակելու իր ծրագրից և շուրջօրյա ռեժիմով մատուցում հիմնականում ամերիկյան hեռուստաշոուներ: Ստիպված լինելով մնալ տանը՝ ես ու եղբայրներս դիտում էինք այդ հաղորդումները: Ինձ հատկապես գրավել էր այդ հեռուստաշոուներից մեկը: Ինձ համար բավարար էր միայն լսել դրա թեմատիկ երգը, որպեսզի սիրտս սկսեր արագ խփել: Հավանաբար ձեզ այն ևս ծանոթ է:

Ճի՛շտ է, «Առաքելությունն անհնար է»: Նույնիսկ, եթե երբևէ տեսած չլինեք այդ հեռուստաշոուն, հավանաբար գիտեք Թոմ Քրուզի՝ գործակալ Իթըն Հանթի մասին ֆիլմերը: Գործակալներին ուղղված ինքնաոչնչացող հաղորդագրությունը միշտ նույն կերպ էր սկսվում: «Ձեր առաքելությունը, եթե որոշեք ընդունել այն…»: Անկախ նրանից, թե որքան տարօրինակ կամ ռիսկային էր առաջարկվող առաքելությունը, գործակալները միշտ ստանձնում էին այն:

Դրան հաջորդած 50 տարիներին ես հետևողականորեն տարվել եմ անհնարին առաքելություններով: Եվ այսօր ես հույս ունեմ համոզել ձեզնից յուրաքանչյուրին, որ դուք նույնպես անեք դա:

2024-ի շրջանավարտներ, դուք արդեն հաջողությամբ կատարել եք շատ բարդ մի առաքելություն. սովորել եք MIT-ում՝ առանց MIT-ում գտնվելու:Համալսարան հաճախելն առանց համալսարան հաճախելու այն առաքելությունը չէր, որին դուք ձգտում էիք: Բայց դա այն էր, ինչ ստացել էիք:

Ձեզնից ոմանք այստեղ են եղել, բայց նույնիսկ ձեզ համար դիմակ կրելը, թեստ հանձնելը, սոցիալական հեռավորություն  պահպանելը և հեռակա ուսուցումը պահանջում էր կողմնորոշվել օտար միջավայրում: Դուք նույնիսկ նոր լեզու եք սովորել՝ Q-Week, SCUFFY և նմանատիպ այլ տերմիններ մուտք են գործել ձեր MIT բառամթերք:

Որևէ մեկը չգիտեր, թե ինչ էր տեղի ունենալու հաջորդիվ կամ երբ էր դա ավարտվելու: Բայց դրանով հանդերձ դուք գտաք հաջողության հասնելու ուղիներ: Դուք ընկղմվեցիք ձեր դասերի մեջ և սկսեցիք կառուցել հիմնականում վիրտուալ ընկերություն:

Ձեր համակուրսեցի Էմբեր Վելեսի խոսքով, որն իր MIT երեք սենյակակիցների հետ Քեմբրիջում բնակարան էր վարձել, դուք միասին ստեղծել եք փրկարար նավակ ամբողջ աշխարհով մեկ սփռված ուսանողների այս հսկայական ծովում:

Այդ տարեսկզբին, Քենդալի հրապարակի ճանապարհի վրա, ես և իմ գործընկերները Moderna-ում ստացանք մեկ այլ առաքելություն, որն անհնարին էր թվում. մշակել անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ, որը կարող է փրկել կյանքեր, վերագործարկել տնտեսությունը և դա անել մեկ տարուց պակաս ժամանակում: Եվ դա անելու ընթացքում ստանալ արտադրված մեկ միլիարդ միավոր պատվաստանյութ, տարածել դրանք ամբողջ աշխարհում և հասցնել մարդկանց:

Պարզ էր, որ եթե մենք ընդունեինք այս մարտահրավերը, ապա պետք է ներդնեինք մեր ունեցած ամեն ինչը: Մենք ստիպված կլինենք դանդաղեցնել դեղերի զարգացման ընթացիկ 20 ծրագրերը և կենտրոնանալ COVID-ի վրա: Եվմենք ստանձնեցինք այս առաքելությունը: Ես այնքան հպարտ եմ, որ իմ գործընկերն ու ընկերը՝ պրոֆեսոր Լանգերը, այստեղ է: Նա նաև սրա հիմնական շարժիչ ուժն էր։

Ընդամենը 48 ժամ անց այն բանից հետո, երբ Moderna-ն ստացավ SARS-CoV-2 հասկի սպիտակուցի հաջորդականությունը, մենք կիրառեցինք մեր mRNA տեխնոլոգիան՝ հզոր պատվաստանյութ արտադրելու համար: Երկու ամիս էլ չանցած, մենք այն փորձարկեցինք առաջին հիվանդի վրա: Իսկ նոյեմբերի 16-ին որոշվեց, որ պատվաստանյութը 94,5%-ով արդյունավետ է COVID-19-ի դեմ։ Որոշ հաշվարկներով՝ Moderna-ի պատվաստանյութը համավարակի ընթացքում փրկել է ավելի քան 2 միլիոն կյանք։

Ինչպե՞ս դա արեցինք։ Դրա մասին առանձին պետք է խոսել, այլ առիթով: Այստեղ ցանկանում եմ խոսել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ ձեր սեփական անհնարին առաքելությունները ստանձնելու համար, և ինչու դուք, որպես MIT շրջանավարտներ, հատկապես պատրաստ եք անել դա՝ առանձնահատուկ պատրաստված և նաև պարտավորված: Աշխարհը ճգնաժամերով պատած ժամանակներում ձեր առաքելությունը ոչ այլ ինչ է, քան փրկել այն, ինչ թվում է կորած, հակադարձել նրան, ինչ թվում է անխուսափելի և փրկել մոլորակը:

Եվ ֆիլմերի գործակալների պես դուք պետք է ընդունեք առաքելությունը, նույնիսկ եթե այն թվում է անհնարին: Ես գիտեմ, որ թվում է՝ հանգամանքները ձեր օգտին չեն, բայց հանրային ճգնաժամի այս դարաշրջանը նաև բազմաթիվ հնարավորությունների պահ է, որը սնուցվում է արհեստական ​​բանականության, մեքենայական ուսուցման, քվանտային հաշվարկների և այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, որոնք աշխարհն այնքան արագ են փոխում, որ մարդիկ չեն հավատում դրան:

Ձեզ հատկապես պատրաստել են գիտաֆանտաստիկ գրականությունը գիտական ​​իրականություն դարձնել կարողանալուն: Ճիշտ մտածողությամբ անհնարին առաքելությունները կարող են վերածվել անհավանական առաքելությունների, երբ դուք հաղթահարում եք խոչընդոտները՝ պատկերացնելով և երևակայելով ձեր ճանապարհը դեպի նորարար լուծումներ: Այսպիսով, ինչպե՞ս եք պատրաստվում դա անել: Ինչպե՞ս եք հենց այսօրվանից դառնում այն ​​գործակալները, որոնց կարիքն ունի աշխարհը: Դուք արդեն արել եք առաջին, շատ նշանակալի քայլը։ Դուք այսօր ավարտում եք MIT-ն և դա արդեն իսկ շատ բան է ասում ձեր գիտելիքի, տաղանդի, տեսլականի, կրքի և հաստատակամության՝ 21-րդ դարի էլիտար գործակալին անհրաժեշտ կարևոր այս հատկանիշների մասին: Օ, և ես մոռացել էի նշել մեր հանգիստ, անմրցունակ էությունը, մեր ակնառու սոցիալական հմտությունները և առանձնահատուկ լինելու զգացողությունը, որը բնորոշ է MIT-ի յուրաքանչյուր շրջանավարտին: Բայց եթե ավելի լուրջ, դուք վերապատրաստված եք գիտության, մաթեմատիկայի, ճարտարագիտության և տեխնոլոգիայի ոլորտներում, որոնք պատշաճ կերպով կիրառվելու և աջակցություն ստանալու դեպքում կարող են օգտագործվել անհնարին թվացող գրեթե ցանկացած մարտահրավեր հաղթահարելու համար:

Գուցե դեռ չգիտակցեք դա, բայց ձեր MIT կրթությունը ձեզ տվել է այնպիսի գերհզոր ուժ, ինչպիսին է ռենտգենյան տեսողությունը, որը թույլ է տալիս տեսնել անհնարինության պատրանքից անդին և գտնել լուծումներ: Եվ այսօրվա դրությամբ դուք նույնիսկ ունեք գաղտնի ապակոդավորող օղակ, որն ավելի հայտնի է որպես Brass Rat: MIT-ի պատմությունը փաստում է այդ հզոր ուժի առկայությունը՝ հեռախոսը, թվային սխեմաները, ռադարը, էլ.փոստը, համացանցը, մարդկային գենոմի նախագիծը, դեղերի առաքումը, պլազմայի մագնիսական պահպանման էներգիան, արհեստական ​​բանականությունը և այն ամենը, ինչը հնարավորություն է տալիս ի հայտ գալ այս և շատ այլ բեկումներին, որոնք իրականություն են դարձել փոփոխություններ կյանքի կոչող և հենց MIT-ի հետ կապված արտասովոր գործակալների աշխատանքի շնորհիվ:

Հիմա թույլ տվեք ձեզ հարց տալ: Բացի MIT-ից, ի՞նչ ընդհանրություն ունեն նման գործակալները: Ի՞նչն է նրանց դրդում իրականացնել անհնար թվացող առաքելություններ: Կարծում եմ՝ երեք բան, որոնք հնարավոր են դարձնում թռիչքները: Նրանք պատկերացնում են, ստեղծում են նորարարություն և փնտրում են այն իրացնելու վայր։ Եվ հիմա ձեր հերթն է: Սկսեք ձեր երևակայությունը զարգացնելուց: Մարդիկ հաճախ կարծում են, թե երևակայությունը վերաբերում է զուտ արվեստի, կինոյի, գրականության, նկարչության ոլորտին: Կարծում եմ՝ դա անհեթեթություն է: Իմ պատկերացմամբ, երևակայությունը բեկումնային գիտության հիմնաքարն է: Բանականությանը հակասող բան չեմ ասում, առավել ևս, որ MIT-ում եմ խոսում: Բանականությունն իր դերն ունի: Բայց այն անհնարին առաքելությունների ոչ թե տերն է, այլ ծառան: Բանականությունը չի կարող կատարել երևակայության գործը: Գիտական ​​հետազոտությունը խորապես ստեղծագործական աշխատանք է:

Դուք տիրապետում եք ապացույցներին, խնդիրների փաթեթներին և մշակված նախագծերին: Բայց մաթեմատիկոս և գրող Լյուիս Քերոլի խոսքով. «Երևակայությունը միակ զենքն է իրականության դեմ պատերազմում»։ Իռլանդացի մեծ գրող Ջորջ Բերնարդ Շոուն համարում էր, որ երևակայության դերն ավելի հիմնարար է: Նա ասում էր, որ  երևակայությունն արարման սկիզբն է։ Դուք պատկերացնում եք այն, ինչ ցանկանում եք: Դուք կամենում եք այն, ինչ պատկերացնում եք, և վերջապես՝ ստեղծում եք այն, ինչ կամենում եք:

Եկել է նորարարություն ստեղծելու ձեր հերթը։ Նորարարությանը վերաբերվեք ինչպես գործողության մեջ դրված երևակայության, կամ գուցե որպես «mens et manus»-ի` «միտք և ձեռք»-ի:

Բայց կարծես դրանով արդեն զբաղվում են: MIT-ը ձեզ չի սովորեցրել խուսափել անհայտությունից: Ընդհակառակը, դուք այժմ պատրաստ եք թռչել դեպի աստղերը, երբեմն՝ բառացիորեն: Պարզապես հարցրեք NASA-ի 40-ից ավելի տիեզերագնացներին, ովքեր ավարտել են MIT-ը: Թռիչքները հաճախ ենթադրում են բանականության մեջ չտեղավորվող կամ նույնիսկ խելացնոր թվացող մտքեր:

Սովորական նորամուծությունները հաճախ գնահատվում են գաղափարի ողջամտության մակարդակով, արդեն իսկ գոյություն ունեցողը բարելավելու չափով և առաջարկի ողջամտությամբ: Բայց ինքներդ ձեզ մի կարևոր հարց տվեք. ինչո՞ւ ենք մենք ակնկալում արտասովոր արդյունքներ խելամիտ մարդկանցից, ովքեր խելամիտ գործեր են անում:

Ինչպես դուք հավանաբար կռահեցիք, ես բացարձակապես խելամիտ չեմ և միշտ լավատես եմ: Որպես երկարամյա ձեռներեց և նորարար, ես պետք է այդպիսին լինեմ: Բայց ես միշտ դրսևորել եմ հատուկ լավատեսություն: Ես դա անվանում եմ պարանոյիկ լավատեսություն։ Սա նշանակում է մշտապես լինել ծայրահեղ լավատեսության և խորապես արմատացած կասկածի միջև: Գիտական կամ տեխնոլոգիական թռիչքներ կատարելու համար անհրաժեշտ պարանոյիկ լավատեսությունը հաճախ սկսվում է հավատքից: Նկատի ունեմ հավատք առանց փաստերի, սա է հավատքի բուն սահմանումը։ Գիտեմ՝ հավատքն ընդհանրապես ասոցացվում է կրոնի հետ։ Բայց հետաքրքիրն այն է, որ, իմ փորձից ելնելով, նորարարությունը գիտության մեջ նույնպես սկսվում է հավատքից: Դուք հավատքի թռիչքներ եք կատարում, իսկ հետո՝ փորձարկումներ անում: Եվ քիչ դեպքերում փորձերը հաջողում են՝ ձեր հավատքի թռիչքը վերածելով գիտական իրականության:

Շատ հուզիչ է, երբ դա տեղի է ունենում: Լավատեսությունից և հավատքից բացի նորարարության ձեր ճանապարհին ձեր համոզմունքերը փորձության կենթարկվեն։ Չսխալվե՛ք, դուք MIT-ից հեռանում եք որպես պահանջված հատուկ գործակալներ: Ձեր առջև հայտնված տարբերակները դիտարկելիս կոչ եմ անում լավ մտածել այն մասին, թե ինչ ժառանգություն եք ուզում թողնել և դա անել պարբերաբար, ձեր կյանքի ամբողջ ընթացքում:

Դուք պատրաստ եք բազում առաքելությունների, բայց դրանցից ոչ բոլորն արժե ստանձնել: Դուք շատ ավելին եք, քան տեխնոլոգները: Դուք բարոյական դերակատարներ եք։ Բացառապես շահույթի և իշխանության հետևից գնալը ձեզ ի վերջո ձեռնունայն կթողնի: Մոռանալ սա կնշանակի ձախողել ամեն ինչ, կնշանակի տապալում:

Գիտեմ՝ ձեզնից շատերը և 2024-ի որոշ շրջանավարտներ այսօր այստեղ չեն և խորապես կապված են այսօրվա հակամարտությունների և ողբերգությունների հետ, որոնց ականատեսն ենք բոլորս: Որպես Հայոց Ցեղասպանությունը վերապրածների սերնդի ներկայացուցիչ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր՝ ես խորապես զգում եմ այս հակամարտությունների վերքերը։ Կցանկանայի բոլորիս համար պատասխաններ ունենալ, բայց, իհարկե՝ չունեմ: Սակայն ես գիտեմ հետևյալը՝ համոզմունք ունենալը չպետք է շփոթել ամեն ինչի պատասխաններն ունենալու հետ:

Ձեռնարկատիրությամբ և մարդասիրական բարեգործությամբ զբաղվելու երկար տարիների ընթացքում ես հասկացա, թե որքան օգտակար է քո կարծիքով քո իմացածին կասկածով վերաբերվելը, այլ ձևով մտածող մարդկանց լսելը և ընդհանուր եզրեր փնտրելը:

Այսօրվա և ապագա մարտահրավերներին դիմակայելիս ևս մեկ անգամ ապավինեք ձեր երևակայությանը: Պատկերացրեք աշխարհը, որը ցանկանում եք ստեղծել և գործի անցեք: Բաց եղեք բազմաթիվ ճանապարհների առաջ, որոնք կարող են ձեզ տանել դեպի այս նպատակը, և թող ճանապարհորդությունը ինքը ցույց տա, թե այդ ճանապարհներից որոնք կլինեն հաջողակ:

Հիմա ես ձեզ հորդորում եմ երևակայել և նորարար լինել։ Վերջին բանը, որ ուզում եմ ասել, ներգաղթի անհրաժեշտությունն է։ Հիմա կասեմ, թե ինչ նկատի ունեմ, բայց նախքան դա, ուզում եմ հիշատակել նրանց, ովքեր ինձ նման լքել են իրենց հայրենիքը։

Խնդրում եմ կանգնել բոլոր ներգաղթածներին, նաև նրանց, որոնց ծնողները կամ տատիկներն ու պապիկները ներգաղթյալ են եղել…Ես ծափահարում եմ ձեզ։ Հաճախ դա ձեզ կարող է թվալ իբրև թերություն, բայց դուք շուտով կսովորեք՝ իրականությունը ճիշտ հակառակն է։ Երբ ես առաջին անգամ եկա MIT, մտահոգված էի, որ այստեղ օտար եմ։ Անգլերենս հնչում էր օտարի առոգանությամբ (մինչև հիմա էլ այն ամբողջությամբ չի անցել): Իմ ժամանցը ոչ թե հոկեյը և լաքրոսն էին, այլ հայկական ժողովրդական պարերը։ Այնուհետև, այստեղ սովորելու իմ առաջին տարվա ընթացքում, երբ  քայլում էի Infinite Corridor-ով, մի պաստառ գրավեց ուշադրությունս: Բնիկ հնդկացի ցեղապետը՝ գլխազարդով, հանդուգն աչքերով, ձեռքը կարծես ինձ էր ուղղում՝ ասելով. «Ո՞ւմ ես անվանում ներգաղթյալ, այ պանդուխտ»:

Ես չեմ կարող ձեզ փոխանցել այդ պաստառի թողած ազդեցությունն ինձ վրա: Բացի հնդկացիներից, բոլորս ինչ-որ պահի այստեղ եկել ենք այլ վայրից: Դա ինձ օգնեց հասկանալ, որ ես այստեղ օտար չեմ, որ ես էլ եմ MIT-ից, ես էլ եմ ԱՄՆ-ից: Շրջանավարտներ և ընտանիքների անդամներ՝ դուք նույնպես:  Բայց ահա մի իսկապես հետաքրքիր փաստ, որը ես սովորել եմ տարիների ընթացքում: Պարտադիր չէ այլ տեղից լինել ներգաղթելու համար։

Եթե ​​ներգաղթյալ լինելը կարելի է բնութագրել որպես տեղափոխում ծանոթ միջավայրից անհայտ տարածք, ապա ձեզնից յուրաքանչյուրը նույնպես եկել է MIT որպես ներգաղթյալ, անկախ նրանից, թե որտեղ եք մեծացել: Եվ որպես ներգաղթյալներ, դուք բոլորդ առավելություն ունեք, երբ խոսքը վերաբերում է անհնարին առաքելությանը: Ինչո՞ւ։ Դուք լքել եք ձեր հարմարավետության գոտին: Դուք մուտք եք գործել չբացահայտված տարածք: Դուք մոռացել եք սովորականի անվտանգ լինելու մասին։ Եվ քանի դեռ համառում և չեք հանձնվում, դուք բացահայտում եք, թե ինչպես իրականացնել ձեր առաքելությունը: Էլիտար գործակալների պես ներգաղթյալները նորարաներ են, որոնք կարող են հաղթահարել դժվարությունները և երբեք չասել երբեք։ Իրականում, ես նորարարությունը հաճախ բնութագրում եմ որպես ինտելեկտուալ ներգաղթ: Նորարարները  ստեղծում են նոր միջավայր՝ ավելի լավ ապագա փնտրելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ աշխարհի համար: Այսպիսով, անկախ նրանից՝ դուք մեծացել եք Կամբոջայում, Կալիֆորնիայում, թե հենց այստեղ՝ Քեմբրիջում, դուք կարող եք ներգաղթել: Դուք պետք է շարունակեք ներգաղթել: Դուք պետք է լքեք ձեր հարմարավետության գոտին, ձեռք բերեք նոր մտածելակերպ, հարմարվեք անծանոթ միջավայրին և չխուսափեք անորոշությունից:

Եթե ​​երևակայեք, նորարար լինեք և ներգաղթեք, ապա ձեզ վիճակված է անորոշ կյանք: Անորոշությամբ շրջապատված լինելը, անկասկած, կարող է նյարդայնացնել, բայց դա այն տեղն է, որտեղ դուք պետք է լինեք:

Հենց այստեղ է հարստությունը: Հենց սա է բացահայտումների մեկնակետը: Պետք չէ անորոշությունը շփոթել ռիսկի հետ, կամ այն համարել ծայրահեղ ռիսկ: Անորոշությունը ոչ թե մեծ, այլ անհայտ ռիսկ է: Դա է հնարավորության էությունը։ Ես խոսքս սկսեցի ներկայացմամբ, սակայն կավարտեմ ֆիլմով։ «Առաքելությունն անիրագործելի է» շարքի վերջին ֆիլմը թողարկվել է նախորդ ամռանը: Ֆիլմը հիշեցնում է բոլոր այն խնդիրների մասին, որոնց բախվում է ձեր սերունդը՝ բարդ աշխարհաքաղաքականություն, կլիմայական և տեխնոլոգիական մարտահրավերներ և արհեստական բանականության գործիքներ, որոնք միաժամանակ պարզեցնում և բարդացնում են մեր աշխարհը։

Սակայն, շրջանավարտնե՛ր, երբ ես նայում եմ բոլորիդ, ես տեսնում եմ գործակալների մի մեծ թիմ, որը լիովին ի վիճակի է կատարել իր առաքելությունները: Ես տեսնում եմ լավ գործերին ունակ ու փոփոխություններ բերող գործակալների: MIT-ը ձեզ պատրաստել է անիրագործելի առաքելություններ ստանձնելու՝ ապագային տեր կանգնելու և աշխարհը դեպի լույս առաջնորդելու:

Իմ ցանկությունը, իմ մեծ հույսն այն է, որ դուք ոչ միայն պարզապես կընտրեք, այլ գրկաբաց կընդունեք անիրագործելի առաքելությունների ստանձնումը: Ողջունե՛ք այն, ինչ տարօրինակ է թվում, ընդունե՛ք անորոշությունը և առաջնորդվե՛ք երևակայությամբ: Անհայտն ընդունեք ներգաղթյալի խիզախությամբ, վստահությամբ և հետաքրքրությամբ՝ պարանոյայով ու լավատեսությամբ: Եվ միշտ հիշեք թիմում աշխատելու ուժի մասին: Ցույց տվեք աշխարհին, որ անիրագործելի առաքելությունների թիմ (Mission Impossible Team-MIT) հապավումը հենց մեր մասին է:

Շրջանավարտնե՛ր, սկսեք ձեր անիրագործելի առաքելությունները: Ընդունեք դրանք, ողջունեք դրանք: Աշխարհը ձեր կարիքն ունի։ Եկել է արկածային ֆիլմում հանդես գալու ձեր հերթը, արկածային ֆիլմ, որը հենց ձեր կյանքն է: Շնորհակալություն»։

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu