02.08.2021

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության հայտարարությունը Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի կազմավորման կապակցությամբ

Շնորհավորում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հայաստան» քաղաքական դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին 2021 թ. հունիսի 20-ին կայացած Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական հաջող ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմավորելու կապակցությամբ։

Անհամբեր սպասում ենք մեր ժողովրդի ու երկրի համար ավելի պայծառ ապագա կերտելու նպատակով բոլոր երեք կուսակցությունների ու դաշինքների կառուցողական աշխատանքին՝ հաշվի առնելով այսօր մեր առջև ծառացած մարտահրավերների ողջ շրջանակը: Մենք լիահույս ենք, որ բոլոր կողմերն ի մի կգան և կսաստկացնեն իրենց ջանքերն անվտանգ և ուժեղ երկիր կառուցելու ուղղությամբ. այնպիսի երկիր, որը կարող է լինել միավորված հայ ժողովրդի հիմնաքարը և աջակցության արժանանալ ողջ հայության կողմից։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև ընտրական շեմը չհաղթահարած կուսակցություններին և հույս հայտնում, որ նրանք կշարունակեն ներգրավված մնալ և ակտիվ դեր խաղալ ողջ հայության համար ավելի լավ վաղվա օր կերտելու գործում:

Որպես ազգ, կարևոր է, որ ճանաչենք մեր երկրի համար այս պահի նշանակալիությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ներկայումս տեղի ունեցող խոշոր տեղաշարժերը: Մենք պետք է հասկանանք Հայաստանի ապագան հավաքականորեն սահմանելու և դրան տեր կանգնելու նպատակով համառ ու քրտնաջան աշխատանքի անհրաժեշտությունը:

Մենք վերահաստատում ենք Հայաստանի՝ որպես երկրի, և հայության՝ որպես ազգի կայուն զարգացման ընկալման համար ընդհանուր շրջանակ ստեղծելու մեր հանձնառությունը։

Ազգային ժողովի և ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցություններին ու դաշինքներին հորդորում ենք, որ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության սահմանած 15 նպատակներն ինտեգրեն իրենց ծրագրերի մեջ և փոխգործակցություն հաստատեն շահագրգիռ բոլոր կողմերի միջև: Ավելի քան 101 000 համանախաձեռնողների անունից բոլոր քաղաքական և ոչ քաղաքական միավորներին հրավիրում ենք համապարփակ համագործակցության, քանի որ մենք մտածում և աշխատում ենք հավաքականորեն՝ մեր հետագա քայլերը որպես ազգ պլանավորելու համար:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնող խումբ

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu