Հայաստանի ապագան, փոքր օազիսները եւ փոփոխության անհրաժեշտությունը. «Մեդիամաքս», հուլիսի 7, 2021 թ․ (հայերեն)
«Մեդիամաքս»-ի անդադարձը հուլիսի 6-ին «PMI Science» գիտահետազոտական կենտրոնում կայացած հանդիպմանը «PMI Science» գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանի, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանի ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ:
Հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև․
«Մեծ պատմություն փոքր քաղաքում» միջոցառման շրջանակներում Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում կայացել է քննարկում PMI Science-ի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանի, «Ապագա հայկականը» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանի ու Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ:
Մեդիամաքսը ներկա է եղել հանդիպմանը եւ գրառել դրա ընթացքում հնչած որոշ մտքերը:
Ապագան պատկերացնելու անհրաժեշտության մասին
Ռուբեն Վարդանյան. «Լինելով անհանգիստ Հայաստանի ապագայի եւ այսօրվա իրավիճակի համար, շատ կարեւոր է հասկանալ, թե մենք ուր ենք գնում եւ հզոր երկիր, պետություն կառուցելու ինչպիսի հնարավորություններ ենք տեսնում: 20 տարվա ընթացքում իմ գործընկերների հետ Հայաստանում եւ Արցախում շուրջ 700 նախագիծ ենք իրականացրել, «Ապագա հայկականը» մեր ծրագրերի շարունակությունն է, եւ դրանց հետ կապը շատ հստակ է:
Վահե Դանիելյան. «Հայաստանում 30 տարում հասցրեցինք շատ բան կորցնել, բայց, արդյոք, չկա՞ն բաներ, որոնց վրա կարելի է նորը աճեցել, պահել եւ զարգացնել: Դրա համար է, որ Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնն այսօր այստեղ է եւ իրականացնում է ինովացիոն նախագծեր, որոնք հստակ բիզնես նպատակներ ունեն, այսինքն՝ ինդուստրիալ լուծումներ են: Վերազգային կորպորացիաներին տեխնոլոգիական թռիչքն է հետաքրքրում, այն երկիրը, որ հասկանում է դա, ասում՝ պատրաստ եմ անել, շահում է:
Վերազգային կորպորացիան հավատում է, որ Հայաստանը կարող է զարկ տալ տեխնոլոգիաներին, ուստի մարդկային կապիտալի մեջ է ցանկանում ներդրումներ անել: Հայաստանում «թաքնված» լաբորատորիաներ, գիտնականներ կան, որոնք ֆանտաստիկ լուծումներ են գտնում: Այստեղ մեր առջեւ մի խնդիր է դրվում՝ ստեղծել էկոհամակարգ, որը կապահովի երկարատեւ զարգացումը»:
Արմեն Օրուջյան. «Բոլոր ժողովուրդների ապագան երիտասարդությունն է: Որպեսզի նոր սերունդը կարողանա հաջողակ եւ մրցունակ լինել աշխարհով մեկ, շատ կարեւոր է, որ իրենց տանք այդ հնարավորությունները, զարգացնենք նրանց ներուժը, որպեսզի նրանք էլ կարողանան Հայաստանին տալ այն, ինչ հարկավոր է երկրին»:
Աշխարհը փոխող մարդկանց մասին
Ռուբեն Վարդանյան. «Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մարդու դարն է: Նախկինում մարդիկ պայքարում էին տարածքների, հետագայում նաեւ՝ բնական ռեսուրսների համար: 21-րդ դարում մենք տեսնում ենք, որ, օրինակ, Իլոն Մասկը կարող է Հարավային Աֆրիկայից գնալ Հյուսիսային Ամերիկա եւ այնտեղ փոխել իրավիճակը: Կարեւոր է հասկանալ, թե ուր է գնալու Հայաստանում ծնված «Իլոն Մասկը»: Շատ կարեւոր է, որ մարդիկ, որոնք փոխում են աշխարհը, ոչ միայն չգնան, այլեւ այդպիսի այլ մարդկանց բերեն Հայաստան»:
Կրթության առաջնահերթության մասին
Արմեն Օրուջյան. «Բոլորը գիտեն, որ կարեւոր է կրթությունը, բայց եթե հարցնենք՝ ինչի համար, տարբեր պատասխաններ կստանանք: Գիտությունը զարգացնելու համար ավելի շատ գիտելիք է հարկավոր: Մյուս բանը՝ կարողանալ գիտությունը արդյունավետ կիրառել ամենօրյա կյանքում: Դա գիտության առեւտրայնացումն է: Այս ամենի համար կրթությունն առաջնակարգ է: Շատ կարեւոր է մրցունակ կրթությունը, որովհետեւ կարելի է գերազանց կրթություն ստանալ, բայց մրցունակ չլինել: Մեզ օլիմպիական լոզունգը պետք չէ, միայն մասնակցությունը բավարար չէ, պետք է մրցունակ լինել»:
Ապագա հայկականի, ինչպես նաեւ կրթության ու գիտության առաջնահերթության քննարկմանը նվիրված միջոցառման կազմակերպումը PMI Science կենտրոնում պատահական չէր։ Իր աշխատանքի 4 տարիների ընթացքում Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում հանգրվանած PMI Science գիտահետազոտական կենտրոնն արդեն հասցրել է համագործակցության հիմքեր դնել հայաստանյան ինստիտուտների եւ հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։ Ներկայում կենտրոնում աշխատում է 19 հայ գիտնական, ովքեր Ֆիլիպ Մորրիսի շվեյցարական կենտրոնի հետ համատեղ աշխատում են տվյալագրտության, տեխնոլոգիաների, նյութաբանության ու այլ ուղղություններով։
PMI Science Կառույցն ունի ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաներ՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, ինչը մեկ հարկի տակ է հյուրընկալում համապատասխան ուղղությունների ուսանողներին եւ դասախոսներին։