Հունիսի 21-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռիչարդ Ազարնիայի հետ «Ապագա Հայկականի Համաժողով․ հետագա քայլեր» թեմայով:
Հանդիպման մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել Ռիչարդ Ազարնիային և նրա հետ քննարկել նախաձեռնության հետագա անելիքները:
Խոսելով մարտին Երևանում կայացած Ապագա Հայկականի առաջին Համաժողովի նպատակների մասին՝ Ռիչարդ Ազարնիան նշեց, որ սրանով ստեղծվեց հարթակ միասին խոսելու, մտքեր փոխանակելու, լուծումներ առաջարկելու համար:
«Գաղափարները պետք է համակարգվեն, սա մեր նպատակներից մեկն է: Մենք պետք է խոսենք իրար հետ ու հասնենք ընդհանուր հայտարարի, որպեսզի կարողանանք միասին, խելամիտ ձևով հասնել դրական արդյունքների: Եթե Հայաստանի ապագան մեզ հետաքրքրում է, բոլորս պետք է ունենանք այս մոտեցումը», — նշեց նա:
Նախաձեռնության համահիմնադիրը հայտարարեց, որ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» պետք է ծառայի որպես միավորման հարթակ, սակայն միասնականությունը պետք է բխի մարդկանցից: Նա կարևորեց հատկապես երիտասարդության ներգրավումը ապագայի մասին քննարկումներին:
«Պետք է հասկանալ, թե ինչ աշխարհում կցանկանանք ապրել որպես հայություն: Պետք չէ երիտասարդությանը հրահանգել, թե որն է ապագան, երիտասարդությունը դա ինքնուրույն պետք է որոշի, ու շատ կարևոր է, որ ապագա սերունդը մասնակցի ապագայի մասին քննարկումներին»:
Ռիչարդ Ազարնիայի խոսքով, ապագայի մասին խոսելիս շատ կարևոր է ունենալ հստակ տեսլական: Ճիշտ ռազմավարություն որդեգրելու դեպքում նույնիսկ փոքր երկրները կարող են ուժեղանալ, բայց դա հնարավոր է անել միայն միասին: