Հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ (Նպատակ 6)

2021 թ. հուլիսի 4-ին՝
Հանդիպում Ավստրիայի հայ համայնքի հետ (Նպատակ 6)

Բանախոսներ

  • Թալար Կազանչյան

    «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համանախաձեռնող

  • Ռաֆայել Տեր-Հակոբյան

    Ֆրանսիայում Արցախի աջակցության ասոցիացիայի նախագահ, ՀԲԸՄ Փարիզի նախկին տնօրեն

Մոդերատոր

  • Սոնա Ծատուրյան

    Ավստրիահայ ֆորումի համահիմնադիր և խորհրդի անդամ

Հայաստանի ապագան չի կարող կայանալ առանց նրա Սփյուռքի: Մյուս կողմից, մենք չենք կարող աշխարհով մեկ ուժեղ Սփյուռք ունենալ՝ առանց ուժեղ Հայաստանի: Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերափոխումը կենսական նշանակություն ունի, քանի որ պետք է ձգտենք փոխադարձ, երկկողմանի գործընկերության:

«Ապագա հայկականը» նախաձեռնությունը պետք է ներգրավի հնարավորինս շատ երիտասարդների և տաղանդավոր մարդկանց: Մենք պետք է տեսնենք նրանց մտքերը, տեսնենք, թե ինչպես են նրանք պատկերացնում ապագան, և որոնք են որոշ կարևոր հարցերի նրանց լուծումները:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը ծնվել է Արցախյան պատերազմի արդյունքում: Այն, սակայն ,գոյություն ուներ մինչ այդ՝ «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» ծրագրի տեսքով, որը հիմնականում նպատակ ուներ ստեղծելու մի հիմնադրամ, որը հնարավորություն կտար զգալի ներդրումային նախագծեր իրականացնելու Հայաստանում: Պատերազմը կասեցրեց բոլոր այդ ծրագրերը: Ապա, պատերազմը մեզ մղեց գիտակցելու ապագայի ազգային տեսլականի անհրաժեշտությունը: Այդ տեսլականը չի կարող լինել մեկ պետության, մեկ ընկերության կամ անհատի ծրագիր, այլ՝ ազգային, համահայկական տեսլական Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Նախաձեռնության լայն շրջանակների հետ խորհրդակցությունների երկար գործընթացից հետո 15 նպատակ առաջադրվեց, և նախաձեռնությունը մեկնարկեց ապրիլի վերջին: Ինչպես յուրաքանչյուր արշավ, սա ևս ունի մեկնարկի ամսաթիվ և կունենա ավարտի ամսաթիվ: Եվ մեր նպատակն է նախաձեռնության ավարտին ունենալ գործողությունների կուռ ծրագիր և մեր ազգի ապագայի ավելի հստակ տեսլական:

Հայաստանը սփյուռք ունեցող միակ երկիրը չէ: Եվ մենք իրոք կարող ենք հայացք հածել պետություն-սփյուռք հարաբերությունների այլ օրինակների ու պատմականորեն հաջողված դեպքերի, այդ թվում և՝ հայկական որոշ դեպքերի վրա: Պատերազմից հետո մի բան հաստատ է. Հայաստան-Սփյուռք հարաբերություններն, անկասկած, վերանայման կարիք ունեն, վերականգնման և վերափոխման կարիք ունի յուրաքանչյուրի դերը: Հայաստանը, որպես պետություն և որպես հասարակություն, պետք է փոխի իր հայացքները Սփյուռքի նկատմամբ, իսկ Սփյուռքն, իր հերթին, լինի անհատ, թե կազմակերպություն / հաստատություն, պետք է վերասահմանի այն աջակցությունը, որ հատկացնում է Հայաստանին. ինչու և ում է աջակցում, և ո՞րն է այն տեսլականը, որին աջակցում է:

21-րդ դարի իրականության մեջ այլևս կարևոր չէ, թե որ վայրում ես ապրում աշխարհագրորեն. Կարևոր է, թե որ վայրին ես պատկանում: Կարևոր չէ, թե որտեղ ես ապրում, քանի դեռ ինքդ քեզ հայ չես սահմանել. պետք է իրավունք ունենաս, ինչպես նաև՝ պատասխանատվություն, մասնակցելու Հայաստանի ապագային վերաբերող որոշումներին:

Հայկական սփյուռքը ահռելի գործիք է՝ բազում տաղանդներով ու գիտելիքներով, և մենք կարող ենք շատ ավելին անել, քան սոսկ փող ուղարկել: Միևնույն ժամանակ, Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք անհնար է լուծել միայնակ:

Մեզ պետք է ուժեղ Սփյուռքի նախարար՝ պաշտպանության նախարարին համազոր մեկը, որը հավասարապես կներկայացնի Սփյուռքն ու Հայաստանը և կամուրջներ կկապի Սփյուռքի հետ: Ժամանակն է, որ մենք քանդենք այն անջրպետը, որը կառուցվել է Հայաստանի և Սփյուռքի միջև: Մենք պետք է ստեղծենք կառավարման ռազմավարություն, որը կաշխատի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ապագայի համար:

Մենք չենք կարող գործել առանց կառավարության: Այն խնդիրների ծավալը, որոնք ծառացած են մեր առջև, չի կարող լուծել մեկ կողմը՝ ո’չ կառավարությունը միայնակ, ո’չ էլ հասարակությունը կամ Սփյուռքը միայնակ: Մենք պետք է միավորվենք:

Մենք բախվում ենք ինստիտուցիոնալ խնդիրների: Մեր հաստատությունները ճիշտ չեն գործում: Պետականաշինությունը կենսական առաքելություն է, որի համար բոլորս պետք է աշխատենք: Եվ, հետևաբար, հարցն այն չէ, թե մենք ուզում ենք կամ կարիք ունենք աշխատելու կառավարության հետ, այլ այն է, թե ինչպես ենք դա անում, և որոնք են այն մեխանիզմները, որոնք կօգնեն մեզ:

Հայաստանի և Սփյուռքի միջև վստահության կերտումը հաջողության հիմնաքարն է: Կառավարությունները շատ բան ունեն անելու վստահության ձևավորման գործում: Եվ, այդուհանդերձ, մենք չենք մտնում քաղաքականության մեջ, քանի որ կառավարությունները գալիս են ու գնում, իսկ ազգը և երկիրը մնում են:

Որպեսզի սփյուռքահայերը մասնակցեն Հայաստանի պետական գործերին, անհրաժեշտ է, որ ողջ հայությունը Հայաստանի քաղաքացիություն ստանա: Դա կլինի Սփյուռքի հետ վստահություն հաստատելու առաջին քայլը: Քաղաքացիությունը սոսկ թղթի կտոր չէ. այն շատերի համար արձակուրդը Հայաստանում անցկացնելու, իրենց ժամանակն ու գումարը Հայաստանում ծախսելու և գուցե նույնիսկ Հայսատանում հաստատվելու ազդակ է:

Որպես հետագա քայլ, սփյուռքահայության գումարներից կազմված ֆոնդերի թափանցիկությունը վստահություն կստեղծի, որն անսասան կլինի:

Մենք ամբողջ աշխարհից պետք է հավաքենք հայ տաղանդներին, որպեսզի մեզ օգնեն ուղիներ գտնելու և լուծելու այնպիսի խնդիրներ, որոնք կխթանեն մեր անկախությունը՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում, ինչը մեզ կօգնի ոտքի կանգնելու:

Սփյուռքն ինչո՞ւ պետք է հոգ տանի. սոսկ հայրենասիրական հուզական պատճառներից բացի կա՞ն այլ խթաններ: Այդ առումով, նախաձեռնության առաքելությունն է տեղ հասցնել այն ուղերձը, որ առանց ուժեղ պետության մենք ոչինչ ենք. Սփյուռքն ուժեղ է, երբ ուժեղ է պետությունը:

Առաջին հերթին, մենք պետք է տեսլական ունենանք Հայաստանի ապագայի վերաբերյալ, և Սփյուռքը պետք է կազմի այդ խոսույթի մի մեծ մասը: Երկրորդ, յուրաքանչյուր նախարարություն նախարարների մակարդակով պետք է ունենա խորհրդակցական խորհուրդ, որը բաղկացած լինի Սփյուռքի ներկայացուցիչներից: Քաղաքացիական հասարակության մակարդակում մենք ունենք դրական առաջընթաց. Սփյուռքը հաճախ անմիջական կապի մեջ է մտնում ՀԿ-ների և այլ կազմակերպությունների հետ՝ ֆինանսապես կամ այլ կերպ օգնելու համար: Միջին սոցիալական մակարդակում անհրաժեշտ է, որ հայ երիտասարդները Հայաստան գան, կառուցեն վստահության այդ հարաբերությունները և Հայաստանում ստեղծեն իրենց աշխարհը: Դա լավագույն միջոցը կլին, որ Սփյուռքը հետաքրքրվի և ներգրավվի Հայաստանում:

Տեսանյութեր

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu