24.06.2021

Ինքնիշխանության սահմանները. Futures Studio-ի վերլուծական թիմի հոդվածն «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության երկրորդ նպատակի մասին

Futures Studio-ի վերլուծական թիմի կողմից պատրաստած հոդվածը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության երկրորդ նպատակի վերաբերյալ։ Ստորև կարող եք ծանոթանալ ամբողջական հոդվածին։

 Ինքնիշխանության սահմանները

«Հիերարխիկ կառուցվածք ունեցող պետությունն անհրաժեշտ է հասարակության հակամարտող անդամների միջև խաղաղություն հաստատելու համար։ Բայց չկա այնպիսի մի համաշխարհային պետություն, որը երկրներին զսպաշապիկի մեջ կպահեր խորքային անհամաձայնությունների դեպքում։ Իրականությունն այն է, որ միջազգային հարաբերությունների համակարգի կառուցվածքն անարխիկ է, այլ ոչ՝ հիերարխիկ։ Իր հերթին, անարխիկ չի նշանակում քաոտիկ։ Դա պարզապես նշանակում է, որ չկա վերջնական արբիտր։ Անարխիկ համակարգում ուժեղներն անում են այն ամենը, ինչ կարող են, իսկ թույլերը կրում են տառապանքի իրենց բաժինը։

Պետությունները երբեք չեն կարող վստահ լինել այլ պետությունների մտադրություններում։ Սա նշանակում է, որ գոյատևելու լավագույն միջոցը մրցակիցների համեմատ հնարավորինս ուժեղ լինելն է: Հետևաբար, պետությունները ձգտում են առավելագույնս մեծացնել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմական ակտիվները: Իշխանության համար այս զրոյական գումարով մրցակցությունը, որը երբեմն հանգեցնում է պատերազմի, այն է, ինչը միջազգային քաղաքականությունը դարձնում է անողոք ու խարդավանքներով լի»:

Ջոն Միրշայմեր, Չիկագոյի համալսարան

«Ինչպես ասում են անգլիացիները, ազատության գինը հավերժ զգոնությունն է: Բայց զգոն լինելու համար պետք է ճանաչել սեփական իրավունքները: Հետևաբար, կարևոր է իմանալ, թե ինչի վրա է խարսխված մեր ազատությունը, և որքանով պետությունն իրավունք ունի այն սահմանափակելու: Այլ կերպ ասած, պետք է խիստ սահմաններ դնել մի մարդու` մյուսներին ղեկավարելու իրավունքի վրա: Սա, հիրավի, քաղաքականության տիրույթն է»:

Պիեր Էլիոթ Թրյուդո

Մենք պետք է տարբերակենք ինքնիշխանության երկու տեսակ՝ ներքին և արտաքին։ Ներքին հարցերում Կատարի Էմիրն ավելի մեծ իրավասություններ (կամ ինքնիշխանություն) ունի, քան Միացյալ Նահանգների նախագահը՝ այն պարզ պատճառով, որ ամերիկյան հասարակությունը խիստ սահմաններ է դրել «մի մարդու՝ մյուս մարդուն ղեկավարելու իրավունքի վրա»։

Այդուհանդերձ, միջազգային հարաբերություններում ինքնիշխանության հարցն ավելի բարդ է։ Երեք հիմնական ռազմական գերտերությունները՝ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը, աշխարհի ամենաինքնավարներ երկրներից են, սակայն նույնիսկ նրանց ինքնիշխանությունը սահմաններ ունի։ Այս երեք ուժերն էլ ունեն ազդեցության գոտիներ, որոնք սահմանվում են աշխարհագրական կամ տնտեսական շահերի հիմքով։ Ավելի փոքր երկրներին, որոնք կարծում են, թե «ազդեցության գոտիների» դարաշրջանն ավարտվել է, վիճակված են լուրջ փորձություններ։

Պատկերացնենք, որ Կանադան և Չինաստանը՝ երկու ինքնիշխան պետություններ, որոշում են կայացնում Կանադայում Չինաստանի ռազմական բազա հիմնել։ Դա մի քայլ է, որն ԱՄՆ-ն երբեք թույլ չի տա։ Շատ բան չի փոխվել 19-րդ դարում Մոնրոյի հայեցակարգի[1] շրջանառության մեջ դրվելուց ի վեր։ Ինչու՞ Ռուսաստանը կամ Չինաստանը չպետք է ունենան Մոնրոյի հայեցակարգին համարժեք մոտեցումներ։

Պետք է հիշենք նաև, որ հզոր ռազմական տերությունները կարող են օրենքից վեր լինել, և հաճախ այդպես էլ կա։ Այս հարցում էմպիրիկ ապացույցները ավելի քան խոսուն են։ Ուստի, ավելի փոքր պետությունները, որոնք գոյություն ունեն ռազմական տերությունների ազդեցության գոտիներում, պետք է անեն հնարավորը գերտերություններին չգրգռելու համար։

Ներկայումս Սինգապուրը բարդ իրավիճակում է։ Այն գտնվում է Չինաստանի և ԱՄՆ-ի շահերի բախման խաչմերուկում, և Սինգապուրի ներկայիս վարչապետն այդ առիթով անթաքույց արտահայտել է իր մտահոգությունները 2020 թ․Foreign Affairs ամսագրում լույս տեսած «Վտանգված ասիական դարաշրջանը» հոդվածում։  Փոքր պետությունների համար ամենավատ դիրքը երկու ռազմական տերությունների շահերի բախման խաչմերուկում գտնվելն է։

Եզրակացություն

Ինքնիշխանությանն առնչվող ռազմավարությունը բաղկացած է երեք մասից․ առաջին՝ ժամանակակից, մասնագիտացված և լավ կրթված զինված ուժեր, երկրորդ՝ իմաստուն, լավ կրթված արտաքին քաղաքական թիմ, որը վստահելի հարաբերություններ կկառուցի և կպահպանի տարածաշրջանի հիմնական ռազմական տերությունների հետ։ Եվ երրորդ՝ ներքին ինքնիշխանության ճիշտ բաշխում տարբեր ինստիտուտների միջև։

Դավիթ Թավադյան

Հիմնադիր գործընկեր

 

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu