17.06.2021

Արթուր Ալավերդյանի հարցազրույցը Լիբանանի «Զարթոնք» օրաթերթին. հունիսի 17, 2021 թ․ (հայերեն)

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Արթուր Ալավերդյանի հարցազրույցը Լիբանանի «Զարթոնք» օրաթերթին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության մասին։

Հարցազրույցը հասանելի է նաև արևմտահայերենով։

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում: Նախաձեռնության նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։ Այն նախաձեռնել են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։  Նախաձեռնությունը սահմանել է 15 նպատակ, որի իրագործմանը կարող է միանալ ցանկացած ոք։ Այս պահին նախաձեռնությանը միացել է ավելի քան 21 հազար մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից։

«Զարթոնք» օրաթերթը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ»-ի մասին ավելի մանրամասն զրուցել է շարժման համանախաձեռնող Արթուր Ալավերդյանի հետ։

-Պարոն Ալավերդյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Խոսենք ապագայի Հայաստանի մասին, որի իրականացման ճանապարհին դուք ևս ունեք ձեր ներդրումը։  Ինչպե՞ս առաջացավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը ստեղծելու գաղափարը։

— Շնորհակալություն այս հնարավորության համար։ Գիտեք, մենք՝ նախաձեռնողներս երկար ժամանակ է Հայաստանում զբաղվում ենք տարբեր ծրագրերի իրականացմամբ։ Ես էներգետիկ ոլորտում, արևային էներգիայի, գիտության և այլն։ 2011 թվականից ես Հայաստանում տարբեր ծրագրեր եմ իրականացնում։ Ռուբեն Վարդանյանը՝ 20 տարվա ընթացքում 700 ծրագիր է իրականացրել։ Նախաձեռնության մյուս անդամները ևս տարատեսակ ծրագրեր են իրականացնում։ Եվ եկավ մի պահ, որ հասկացանք՝ ավելի լայնածավալ մոտեցում է հարկավոր։ Քննարկումները երկար ժամանակ ընթանում էին և նախորդ տարի որոշվեց ստեղծել այս հարթակը, ունենալ երկարատև ծրագիր, որի շուրջ կհամախմբվեն մարդիկ աշխարհի տարբեր երկրներից։ Այսինքն՝ խնդիր կար ավելի երկարատև ծրագրային մոտեցում ցուցաբերելու, որի հանգրվանը եղավ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ»։

—  «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» իր առջև դրել է  15 նպատակ՝ Հայաստանն ավելի լավը դարձնելու։ Ի՞նչ ճանապարհով եք դա իրականացնելու։  44-օրյա պատերազմը ինչպե՞ս է ազդել ձեր այս նախաձեռնության ստեղծման վրա։ Արդյոք պատերազմից հետո ավելի ակնառու չեղան այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև։

— Կարող եմ ասել, որ 44-օրյա պատերազմը ավելի արագացրեց  գործընթացը ու ավելի կարևոր դարձրեց այն ծրագրերի իրականացումը, ինչը մենք մտածում էինք։ Պատերազմը, ընթացքն ու արդյունքն ավելի ակնառու դարձրեց մեր թերությունները, բաց կողմերը ու սրեց առկա խնդիրները։ Այսինքն՝ ավելի տեսանելի դարձան այն խութերը, որոնց մասին մենք խոսում էինք դեռևս պատերազմից առաջ։ Կարելի է ասել պատերազմը, ինչ-որ առումով խթան դարձավ և ցույց տվեց, թե ինչպես պետք է առաջ շարժվել։

— Այսօր Հայաստանն ի՞նչ ներուժ ունի, որը կարելի է օգտագործել նոր մոդելի Հայաստան կառուցելու համար։ Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո Հայաստանում հասարակության շրջանում կա հիասթափություն, ընկճվածություն։ Ըստ տարբեր սոցիլոգիական հարցումների, Հայաստանը լքել ցանկացողների թիվը բավական մեծ է։ Դա կապված է երկրում անորոշությունից, ապագա չտեսնելուց։ Ինչպե՞ս է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» մարդկանց երկրում ապրելու և արարելու, ազգային ինքնությունը պահպանելու հիմք տալու։ Ինչպե՞ս պետք է հաղթահարել այս բոլոր բարդույթներն ու շարժվել առաջ, ստեղծել նոր Հայաստան, ինչի նպատակը դուք ունեք։

— Առաջին հերթին այդ հիասթափությունը հաղթահարելու միջոցներից մեկն այն է, որ մարդը հույս տեսնի, ճանապարհ տեսնի այս վիճակից դուրս գալու համար։ Իհարկե, ճիշտ եք, որ մարդիկ հիասթափություն են ապրել, բայց, որպես կանոն, ուժեղ մարդիկ այդ վիճակը հաղթահարում են հետևյալ ձևով՝ իրենք էլ ավելի են իրենց ուժերը հավաքում, սթափվում, սկսում ավելի իրատեսական լինել ու դժվարությունները քայլ առ քայլ հաղթահարել։ Հուսով եմ՝ մեր նախաձեռնությունը ինչ-որ կերպ այդ հարցում կօգնի։ Հասարակությունը որպես կենդանի օրգանիզմ , ցանկացած ծանր արհավիրքից հետո մի քանի փուլ է անցնում։ Սկզբում ընկճախտն է, այնուհետև սկսում է պայքար դրա դեմ ու ինչ-որ պահի գտնում ես բյուրեղներ, որից կարելի է կառչել ու ամեն ինչ ուղղել։ Հիմա հուսով ենք մեր նախաձեռնությունը կարող է դառնալ այդ բյուրեղը։

— «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Հայաստանի զարգացման մասին է՝ տնտեսական, սոցիալական։ Ու՞ր է այստեղ հայ մարդու զարգացումը, գյուղացի մարդու զարգացումը, մտային հեղափոխությունը։ Ցանկացած երկրի զարգացում գորրծնական քայլեր է պահանջում, որի մեջ բանալի ֆակտորը մարդն է, երկրի բնակիչն է։ Տվյալ դեպքում հայ մարդը։ Չէ որ անկարելի է երկիր զարգացնել, երբ քաղաքացին կամ գյուղացին ունի կարծրատիպեր, սնահավատություն, բավարար կրթված չէ, իր ապագան կապում է այլ երկրների հետ, կարծում է, որ օրինակ Պուտինը պետք է գա ու փրկիր իրեն, չափազանց ինքնավստահ, դժվարությունների փախչում է, 2 մլն վարչապետեր ու նախարարներ ունի և այլն։ Ապագա հայկականի գործնական քայլերը որոնք են այս առումով։

— Տեսեք, այստեղ պետք է խոսել երկարաժամկետ ու կարճաժամկետ մոտեցումների մասին։ Երկարաժամկետ մոտեցումն այն է, ինչ գրված է մեր  15 նպատակներից մեկում՝ կրթությունը պետք է դառնա մեր աստվածը։ Կրթությունը պետք է դառնա մեր գերակայությունը։ Մենք դա հասկանում ենք ու արդեն սկսել ենք գնալ այդ ճանապարհով։ Իսկ կարճաժամկետ խնդիրներն այն է, որ մենք պետք է նախաձեռնությունում ներգրավենք մասնագիտական  խմբերի՝ տարբեր հարցերի շուրջ որոշումների կայացման համար։ Մեզ պետք է աշխատանքը շարունակել մասնագիտական շահագրգիռ խմբերի հետ, որպեսզի կարողանանք շահող դուրս գալ։

Ժամանակակից պետությունները ու մեծ ընկերությունները օգտագործում են լայնածավալ ներգրավվման բաց համակարգեր, որպեսզի կարողանան ճիշտ լուծումներ տալ խնդիրներին։ Հիմա նույն՝ ցանցային մոտեցումը մեզ մոտ է առկա, որ կարողանանք մասնագիտական խմբեր ձևավորել ու բոլոր հարցերի շուրջ ճիշտ ու պրոֆեսիոնալ լուծումներ գտնել։

— Հայաստանում հիմնականում ո՞ր ոլորտներն են, որ ունեն շատ լուրջ ռեսուրսներ՝ չիրացված ռեսուրսներ, զարգացնելու՝ կրթություն, գիտություն, մշակույթ, Տեղեկատվական տեխնոլգիաներ և այլն։ Վերջինը կարծես վերջին մի քանի տարիներին զարգանում է Հայաստանում։

— Ես կարծում եմ, որ կրթությունն ու գիտությունը պետք է դառնան կենտրոնական միջուկ մնացած բոլոր ոլորտների զարգացման համար։ Այսօրվա էկոնոմիկան հնարավոր չէ կառուցել ու պատկերացնել առանց գիտության մեջ լուրջ ներդրումների, ժամանակակից տեխնոլոգիաների։ Այդ կորիզը ազդելու է մնացած բոլոր ոլորտների վրա՝ գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և այլն։ Մեզ հարկավոր է նոր ճարտարարվեստագիտություն (ինդուստրիալիզացիա)՝ հիմնված նորագույն տեխնոլոգիաների հիման վրա, որոնք ապագայում մեծ շուկաներ կունենան։ Մենք պետք է արագ աճող շուկաներում կարողանանք նոր ինդուստրիաներ ձևավորենք ու միջազգային շուկայի հետ աճենք։ Մենք պետք է կիրառենք, մշակենք ու ստեղծենք այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կազդեն բոլոր ոլորտների վրա ու նոր պատկեր կձևավորեն երկրում։

— Կնշե՞ք երեք խնդիր, որը այս նպատակներին հասնելու, նոր որակի Հայաստան կառուցելու ճանապարհին կարող է խանգարել։

— Առաջինն այն է, որ մենք պետք է պայմանավորվենք, թե ինչ Հայաստան ենք ապագայում ուզում։ Մենք պետք է մեկ կարծիք ունենանք ու մեկ ճանապարհ և բոլորս այդ ճանապարհով գնանք։ Կարևորը ու ամենադժվարը դրա շուրջ պայմանավորվելն է։ Մյուսը՝ կարծում եմ շատ դժվար է Սփյուռքից դեպի Հայաստան ներգրավել, օրինակ, 100 հազար մեր հայրենակցի, որպեսզի այս լանդշաֆտը կարողանանք փոխել։ Այսինքն՝ այստեղ բնակվելու, խելացի ու գործունյա բնակվելու, նոր ինտելեկտ ու մշակույթ բերելու համար։ Երրորդ խնդիրը իմ պատկերացմամբ այն է, որ մարդիկ սիրում են պարզ լուծումներ։ Օրինակ՝ փրկիչ կանչենք հարցը լուծի։ Բայց  այս ամենը շատ բարդ հարցեր են ու տանջալից աշխատանք պահանջող։

— Դրա համար կարծում եմ հայ հասարակության հետ աշխատելու առումով ձեզ համար բարդ է լինելու։

-Այո, մենք պատրանքներ չունենք այդ առումով։ Դրա համար մեծ խնդիրը, որ կա մարդկանց գիտակցությունը փոխելն  է, որը հեշտ չի լինելու։ Պետք է ձևավորվի այն պատրաստակամությունը, որ իրենք պետք է լծվեն այս դժվար աշխատանքին։ Երբ մեկին ասում ես արի հեշտ գործ կա, գալիս է, բայց երբ ասում ես բարդ է, դժոխք է, պետք է ատամները սեղմած աշխատել, այ դա դժվար է։ Հայի տեսակը փոխել պետք չէ, պետք է օգտագործել հայի տեսակի լավ կողմերը։

— Հասկանալի է, որ այս նախաձեռնությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում, սակայն ինչ որ մի տեղ սոցիալականը քաղաքականի ու տնտեսականի հետ նույն  խաչմերուկում են հայտնվում։ Ինչպե՞ս կարելի է երկիր զարգացնել առանց տարիների փտածությունը վերացնելու։ Ի՞նչ տեսլական ունեք այս առումով։ Եթե դույլը  10 տեղից ծակ է, այն ինչքան էլ փորձենք չի լցվելու։ Ինչպե՞ս պետք է դա անել։

-Իհարկե, բոլոր հարցերն էլ ինչ-որ չափով քաղաքական շերտ կամ բովանդակություն ունեն։ Բայց, եթե մենք կազմակերպված չենք որպես քաղաքական կուսակցություն, քաղաքական մասնակից, մենք չենք ձգտում իշխանության, հետևաբար դա քաղաքական չէ։ Մենք հստակ դա ասում ենք։ Իհարկե, այդ հարցերի շուրջ մի կողմից քաղաքականությունն է գալիս կպնում։ Մենք որպես հասարակական ուժ, քաղաքացիների խումբ գալիք կառավարությանը ասելու ենք՝ սա ենք ուզում անել ու միասին պետք է անենք։ Առանց կառավարության, պետական համակարգի դա չի ստացվի։ Բնական է, որ պետական համակարգի ձևանմուշն էլ պետք է ձևափոխվի, վերանայվի, որպեսզի հնարավոր լինի այս ամեն ինչը իրականացնել։ Այն մոդելով, որով մենք շարժվել ենք վերջին 30 տարիներին, չենք տեսնում որևէ հնարավորություն այս ծրագրերի իրականացման համար։ Մենք համագործակցելով պետք է այդ ամեն ինչը իրականացնենք։

— Ապագա հայկականի 15 նպատակների մեջ մեծ տեղ ունի նաև Սփյուռքը, որը Հայաստանի համար ուրույն աջակից ուժ է եղել անկախությունից ի վեր մինչ այսօր։ Նախ կցանկանայի իմանալ, ինչպիսի՞ն էր Սփյուռքի ներկայացուցիչների արձագանքը այս նախաձեռնությանը։

-Սփյուռքից մենք միայն դրական արձագանք ենք ստացել։ Շատերն են հետաքրքրված նախաձեռնությունով։ Նրանք հիմնականում ողջունում են  նախաձեռնությունը, շատերն արդեն ներգրավվել են։ Համանախաձեռնողների մոտ 45 տոկոսը Սփյուռքից են, մնացածը Հայաստանից ու Արցախից։

— Սփյուռքյան շատ գործիչներ, վերլուծելով  44-օրյա պատերազմի պարտությունն ու դրա հետևանքները, երբեմն նշում են, որ Սփյուռքն էլ է մեղավոր, որ չի կարողացել այս տարիներին ճիշտ գնահատել իրավիճակը ու ստեղծել ավելի ուժեղ կապեր մայր հայրենիքի հետ։ Ձեր նպատակներից մեկը ուժեղ սփյուռք ունենալն է ու սփյուռքի վերաիմաստավորումը։ Ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով և ի՞նչ ասել է ուժեղ Սփյուռք։

-Մենք Սփյուռքի հետ պետք է հավասարը հավասարի հետ համագործակցենք։ Սփյուռքին պետք է դարձնենք որոշումներ կայացնող, նրանք ևս պետք է մասնակցեն այն որոշումներ ընդունմանը, որը մեզ կբերի այս նպատակների իրականացմանը։ Պետք է նրանց ներգրավել բոլոր փուլերում։ Ապագա հայկականի մոդելը պետք է միասին կառուցել։ Սա տարբերվում է այն մոդելից, որը եղել է մինչ օրս։ Բացի դա մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ի՞նչ պետք է անի Սփյուռքը ուժեղացնելու համար։ Միայն Սփյուռքը չպետք է անի Հայաստանի համար։ Հայաստանը նույնպես պետք է քայլեր անի ուժեղ Սփյուռք ունենալու համար։ Փոխադարձ համագործակցություն պետք է լինի։

— Ովքե՞ր են մինչ այս պահը միացել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությանը։

— «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությանը միացել է ավելի քան 21 հազար մարդ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Համանախաձեռնողների 57 տոկոսը Հայաստանից են, 17 տոկոսը Ռուսաստանից, 10 տոկոսը ԱՄՆ-ից: Նախաձեռնությանն են միացել նաև Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։ Նրանց հետ կազմակերպվում են քննարկումներ, հանդիպումներ և աշխատաժողովներ՝ միասին քննարկելու և որոշելու համար նախաձեռնության 15 նպատակներին հասնելու լավագույն ուղին։ Նախաձեռնությանը և նրա 15 նպատակներին միացել են Նիկոլա Ազնավուրը (Հայաստան), Կարո Արմենը (ԱՄՆ), Լևոն Արոնյանը (Հայաստան), Էնթոնի Բարսամյանը (ԱՄՆ), Գեորգի Դերլուգյանը (Արաբական Էմիրություններ), Գարի Կասպարովը (Ռուսաստան), Ռուբեն Ենիկոլոպովը (Ռուսաստան), Ատոմ Էգոյանը (Կանադա), Էդուարդո Էռնեկյանը (Արգենտինա), Ջեյմս Թուֆենկյանը (ԱՄՆ), Ռուբեն Հարությունյանը (Ռուսաստան), Աննա Մայիլյանը (Հայաստան), Քերոլին Մուգարը (ԱՄՆ), Հենրիխ Մխիթարյանը (Իտալիա), Ռալֆ Յիրիկյանը (Հայաստան), Էրիկ Նազարյանը (ԱՄՆ), Ստաս Նամինը (Ռուսաստան), Վիգեն Չետերյանը (Շվեյցարիա), Ալիս Պետրոսյանը (ԱՄՆ), Մարի Փափազյանը (ԱՄՆ), Փոլ Փոլմանը (Շվեյցարիա), Արտյոմ Օգանովը (Ռուսաստան):

-Շնորհակալ եմ զրույցի համար։

ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ

«Զարթոնք»ի Երեւանի Աշխատակից

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu