Քաղաքացիական ասամբլեա (ՔԱ)
Ի՞նչ է քաղաքացիական ասամբլեան:
Քաղաքացիական ասամբլեան կամ քաղաքացիական ժողովը մասնակցային ժողովրդավարության նոր ձևաչափերից մեկն է: Այն միտված է հաղթահարել հասարակության ներսում ձևավորված բևեռացումը և ելքեր գտնել փակուղային իրավիճակներից : Մոդելի կիրառումը հնարավորություն է ընձեռնում երկրի համար ճակատագրական իրավիճակներում համախմբել առկա հասարակական ուժն ու կայացնել կենսական նշանակություն ունեցող որոշումները:

(լուսանկարը: Citizens’ Assembly/Maxwells)
Ի՞նչ չափորոշիչների հիման վրա են ընտրվում մասնակիցները:
Քաղաքացիական ասամբլեայի մասնակիցները ընտրվում են բաց վիճակահանության միջոցով տվյալ երկրին համապատասխան ժողովրդագրական տարբեր չափորոշիչների՝ սեռի, տարիքի, բնակության վայրի, կրթության համամասնությունն ապահովող հիմքով և ներկայացնում են ազգի մանրակերտը:
Ինչու՞ է կարևոր քաղաքացիական ասամբլեայի անցկացումը:
Քաղաքացիական ասամբլեայի գործընթացը վերականգնում է քաղաքացիների ձայնը պետական որոշումների կայացման գործընթացում՝ հնարավորություն ստեղծելով հանրության համար տալ առանցքային հարցերի վերաբերյալ ուղղակի և բովանդակային հետադարձ կապ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց:
«Քաղաքացիական ասամբլեա» ձևաչափը հարյուրավոր քաղաքացիների ներգրավմամբ վերականգնում է քաղաքական դաշտի հավասարակշռությունը, արդյունավետ և արագ ամփոփում է քաղաքացիների գաղափարները։ Արդյունքները լայնորեն տարածում են ստանում զանգվածային լրատվության միջոցներով։ Իսկ այս ամենի կյանքի կոչումը իրականացվում է տարբեր ուղիներով՝ քաղաքականության մշակումից մինչև ներդրումային ծրագրեր:
Այլ ո՞ր երկրներում է անցկացվել քաղաքացիական ասամբլեան:
Քաղաքացիական ասամբլեայի մոդելը հաջողությամբ կիրառվել է մի շարք զարգացած երկրներում, այդ թվում՝ Իռլանդիայում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, նույնիսկ ՄԱԿ-ի մակարդակում: