«Քաղաքացիական ասամբլեա» -ի մասին

Ի՞նչ է քաղաքացիական ասամբլեան:

Քաղաքացիական ասամբլեան կամ քաղաքացիական ժողովը մասնակցային ժողովրդավարության նոր ձևաչափերից է, թեև դրա առանձին տարրեր կիրառվել են դեռևս Հին Հունաստանում: Այն միտված է հաղթահարելու հասարակության երկփեղկվածությունն ու բևեռացումը, ինչպես նաև ելքեր գտնել փակուղային իրավիճակներից, երբ քաղաքական ու հասարակական կառույցները գործունակ չեն և առկա դիրքորոշումները ծայրահեղ տարբեր են միմյանցից: Մոդելի կիրառումը հնարավորություն է ընձեռում երկրի համար ճակատագրական իրավիճակներում համախմբել հասարակական ներուժը, կայացնել կենսական նշանակություն ունեցող որոշումներ և անմիջական մասնակցություն ունենալ դրանց իրագործմանը:

Ինչու՞ է կարևոր քաղաքացիական ասամբլեայի անցկացումը:

Քաղաքացիական ասամբլեան հնարավորություն է ընձեռում հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներին դարձնել իրենց ձայնն առավել լսելի պետական որոշումների կայացման գործընթացում, իսկ պետական գործիչներին, քաղաքական կուսակցություններին ու տարբեր հանրային շարժումներին՝ առանցքային հարցերի վերաբերյալ ստանալ քաղաքացիների անմիջական կարծիքն ու մեկնաբանությունները: Այն թույլ է տալիս գտնել հնարավոր լուծումներ փակուղային իրավիճակներում, երբ հասարակության ավանդական ինստիտուտներն այլևս իզորու չեն իրականացնել դա:

Այլ ո՞ր երկրներում է անցկացվել քաղաքացիական ասամբլեան:

Քաղաքացիական ասամբլեայի մոդելը հաջողությամբ կիրառվել է մի շարք զարգացած երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Իռլանդիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, նույնիսկ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի մակարդակում:

Ինչու՞ է ընտրվել հենց «Քաղաքացիական ասամբլեա» մոդելը:

«Քաղաքացիական ասամբլեա»-ն հասարակության տարբեր շերտերի ու խմբերի ներգրավմամբ օգնում է վերականգնել քաղաքական դաշտի հավասարակշռությունը՝ մեկ հարթակում արդյունավետորեն ամփոփելով ամենատարբեր հայացքների տեր քաղաքացիների գաղափարները։ Մասնակցային ժողովրդավարության այս մոդելը հնարավորություն է տալիս հաղթահարել հասարակության բևեռացումը՝ փորձելով միասնական ուժերով լուծել առկա մարտահրավերները:

Որքանո՞վ է իրատեսական հիմնականում արևմտյան երկրներում կիրառվող այս մոդելի ներդրումը հայկական իրականությունում:

Առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը լինելու է Սփյուռքի ներգրավմամբ աշխարհում առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ն: Բացի այդ, մոդելի առանձին բաղադրիչներ ներդրվում են միմիայն տեղայնացումից և մեր պայմաններին ու իրողություններին համապատասխանեցնելուց հետո:

Առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի մասին

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել Համաժողովի մասնակիցները:

Համաժողովի 200 մասնակիցներից 100-ը եղել են Հայաստանից ու Արցախից, 100-ը՝ Սփյուռքից: Նրանք ընտրվել են վիճակահանությամբ ու ներկայացուցչական ընտրանքի մեթոդով, ինչն ապահովել է հասարակության բոլոր շերտերի ներկայացվածությունը:

Ի՞նչ չափորոշիչների հիման վրա են ընտրվել մասնակիցները:

Համաժողովի մասնակիցներն ընտրվել են ներկայացուցչական ընտրանքի մեթոդով՝ ապահովելով բնակչության սեռատարիքային, կրթական և բնակության վայրով պայմանավորված համամասնությունը՝ ձևավորելով հայ հասարակության մանրակերտը:

Ի՞նչ ընթացակարգով են ընտրվել Համաժողովի մասնակիցները:

Համաժողովին գրանցվելու հայտ ներկայացրած և էլեկտրոնային հասցեն հաստատած անձինք ստացել են հատուկ կոդ, որի միջոցով էլ մասնակցել են վիճակահանությանը: Անկախ դրա արդյունքներից՝ գրանցված բոլոր քաղաքացիները Համաժողովին առցանց մասնակցելու հնարավորություն են ունեցել՝ օգտվելով առկա փաստաթղթերից և մասնակցելով առցանց քննարկումներին:

Մասնակիցների համար փոխհատուցում նախատեսվե՞լ է:

Համաժողովի կազմակերպիչներն ապահովել են ոչ երևանաբնակ մասնակիցների տրանսպորտային տեղափոխումն ու կեցությունը։

Ինչի՞ մասին են խոսել աշխարհի տարբեր անկյուններից հավաքված ու տարբեր մասնագիտությունների տեր 200 մասնակիցները Համաժողովի ընթացքում:

Համաժողովի քննարկմանն են ներկայացվել նախապես ձևավորված փորձագիտական հանձնախմբերի մշակած սցենարներն ու ծրագրերը: Դրանց վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել են հասարակ մարդիկ՝ տարբեր սեռի, տարիքի, կրթական մակարդակի և համայնքի ներկայացուցիչներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել այդ փաստաթղթերի բազմակողմանի քննությունն ու փորձարկումը:

Ինչպե՞ս են իրագործվելու Համաժողովի արդյունքում ընտրված սցենարներն ու ծրագրերը:

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից արդեն իսկ տարվում են Համագործակցային ցանցի ձևավորման աշխատանքներ, որում ներառվելու են շահագրգիռ բոլոր շրջանակները՝ պետական կառույցներից մինչև մասնավոր կազմակերպություններ ու անհատներ: Բացի այդ, մշակված բոլոր փաստաթղթերը հանրային սեփականություն են և դրանք կարող է օգտագործել հետաքրքրված յուրաքանչյուր անձ:

Ու՞մ են պատկանելու Համաժողովի արդյունքները:

Համաժողովի շրջանակում ընդունված բոլոր առաջարկություններն ու ծրագրերը հանրային սեփականություն են և հասանելի են պետական ու մասնավոր ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ դրանց հնարավոր տարբերակները մշակելու և իրագործելու համար։

Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել այստեղ։

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu