Համահայկական քաղաքացիական առաջին ասամբլեան՝ Ապագա Հայկականի Համաժողովը, Հայրենիքում և Սփյուռքում ապրող հայության առջև ծառացած բազմակողմ մարտահրավերների և հնարավորությունների հասցեագրման առումով շրջադարձային ու աննախադեպ իրադարձություն էր: Համաժողովի գլխավոր նպատակը տարբեր անհատների և հաճախ հակադիր գաղափարների մեկտեղումն էր մեկ սրահում՝ հնարավոր դարձնելով մի երկխոսություն, որի արդյունքում կձևավորվեր փոխըմբռնում Համաժողովի քննարկմանը ներկայացված երեք նպատակների շուրջ:
Ընդհանուր առմամբ, սա տարածաշրջանում և հետխորհրդային ամբողջ տարածքում մասնակցային ժողովրդավարության ձևաչափի միջոցով հանրային քննարկումներ ձևավորելու առաջին փորձն էր: Հայաստանում կամ հարևան երկրներում մասնակցային նմանատիպ մոդելների՝ գլխավորապես town-hall հանդիպումների ձևաչափի հաստատման նախորդ փորձերը մեծ հաջողության չէին հասել: Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ Համաժողովը ձեռնամուխ եղավ անվանապես ժողովրդավարական և ավանդաբար պահպանողական հասարակության ներգրավմանը՝ նպատակ ունենալով հմուտ կերպով լույս սփռել առկա խնդիրների վրա և հասցեագրել դրանք՝ կիրառելով զուտ արևմտյան ձևաչափ՝ «Քաղաքացիական ասամբլեա»: Համաժողովը բացառիկ ու եզակի իրադարձություն էր ոչ միայն հայկական իրականության, այլև աշխարհում քաղաքացիական ասամբլեաների պատմության մեջ: Այս առումով հատկանշական են համահայկական առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ի հետևյալ արդյունքները.
Հանրային հարթություն
- Համահայկական քաղաքացիական երկխոսության առաջին փորձն ազգային օրակարգում
Համաժողովը նշանավորվեց համահայկական քաղաքացիական երկխոսության առաջին փորձով՝ դառնալով նախադեպ աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներում ազգային օրակարգով քննարկումների համար:
- Հայերի շրջանում բևեռվածությունը հաղթահարելու և համակարգային լուծումներ ձևավորելու հարթակ
Համաժողովը դարձավ բացառիկ հարթակ, որի միջոցով, անկախ քաղաքական հայացքներից և սոցիալ-տնտեսական կարգավիճակից բոլոր մասնակիցները կարող էին քննարկել մեր ընդհանուր մարտահրավերներն ու միասին գտնել հստակ լուծումներ:
- Հուսահատության մթնոլորտը վերացնելուն և հասարակությանը վերակտիվացնելուն ուղղված քայլ և միջոց
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության նպատակներից մեկը հուսահատության գերիշխող զգացողությունը վերացնելն է, հայությանը վերակտիվացնելն ու ճգնաժամի հաղթահարմանն ուղղված արդյունավետ ուղիներին աջակցելը: Այս առումով Համաժողովը կենսական նշանակություն ունեցավ՝ որպես համահայկական կարևորության խնդիրների և հաջող լուծումների հասնելու հնարավոր ուղիների քննարկման հարթակ:
Սփյուռքի հարթություն
- Աննախադեպ բարձր մասնակցություն, Սփյուռքի բացառիկ ներկայացվածություն և հասարակական բոլոր խմբերի արդյունավետ ներգրավում
Ի տարբերություն արևմտյան երկրներում անցկացված քաղաքացիական ասամբլեաների[1], Համաժողովը ոչ միայն ապահովեց ավելի լայն ու ընդարձակ մասնակցություն և հանրային ներկայացվածություն, այլև դուրս եկավ տվյալ ձևաչափի կարգավորումների սահմաններից՝ ապահովելով Հայաստանից և Սփյուռքից 200 հայերի մասնակցություն և Համաժողովի նախապատրաստական փորձագիտական աշխատանքներում ներգրավելով հայկական փորձագիտական մտքի ամենավառ ներկայացուցիչներին:
- Սփյուռքի առանցքային հաստատությունների և կառույցների մասնակցություն փորձագիտական քննարկումներում և հանրային բանավեճում
Սփյուռքի ավանդական կառույցները մասնակցեցին փորձագիտական քննարկումներին ու հանրային բանավեճերին՝ ներդնելով իրենց արժեքավոր փորձն ու գիտելիքը: Սա ոչ միայն հարստացրեց քննարկումները՝ ապահովելով ամենատարբեր հայացքների արտահայտումը, այլև ընդգծեց Սփյուռքի համայնքների առանցքային դերը քննարկումների ձևավորման գործում և Համաժողովի արձանագրած արդյունքներում:
Փորձագիտական հարթություն
- Փորձագիտական հանձնախմբերի համապարփակ քննարկում
Փորձագիտական հանձնախմբերի աշխատանքներին մասնակցեցին տարբեր փորձ ունեցող 100-ից ավելի բարձրակարգ փորձագետներ Հայաստանից և Սփյուռքից՝ սահմանելով հիմնական խնդիրների շրջանակը, կազմելով քննարկման հարցեր, նյութերին ծանոթանալու փուլում օգնելով մասնակիցներին և ներկայացնելով առաջարկներ:
- Նախապատրաստված նյութեր
Համաժողովի ընթացքում բոլոր մասնակիցները ծանոթացան փորձագիտական հանձնախմբերի զեկույցներին, տեղեկատվական տեսահոլովակներին և փորձագետների պատրաստած օժանդակ նյութերին: Համաժողովի յուրաքանչյուր օրը մասնակիցները սկսում էին ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ, ինչը թույլ տվեց ապահովել տեղեկացված և արդյունավետ քննարկումներ:
Միջազգային հարթություն
- Քաղաքացիական առաջին ասամբլեան հետխորհրդային տարածքում
Լինելով առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ն հետխորհրդային տարածքում՝ այն դարձավ ծանրակշիռ հանգրվան տարածաշրջանի ժողովրդավարական զարգացման ճանապարհին: Համաժողովի հաջողությունը վերահաստատեց ներգրավվելու և ընդհանուր մարտահրավերները հասցեագրելու հայերի կարողությունը Հայաստանում և Սփյուռքում՝ կիրառելով ժամանակակից քաղհասարակությանը բնորոշ ամենազարգացած և արդյունավետ մեխանիզմները:
- Սփյուռքի ներգրավմամբ առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ն
Ապագա Հայկականի Համաժողովը ոչ միայն հայ իրականության մեջ, այլև ամբողջ աշխարհում առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ն էր սփյուռքի մասնակցությամբ: Այն մեկ սրահում հավաքեց Հայաստանի և Սփյուռքի ներկայացուցիչներին սեփական ապագան գործակցաբար ձևավորելու համար:
- Առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ն հակամարտության մեջ գտնվող երկրում
Ապագա Հայկականի Համաժողովը աշխարհում առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ն էր, որն անցկացվում էր հակամարտության մեջ գտնվող երկրում: Այս բեկումնային իրադարձությունը ցույց տվեց դժվարին հանգամանքներում քաղաքացիական ներգրավվածության և երկխոսության հանձնառությունը:
- Արտաքին և անկախ գնահատում
Համաժողովին իրենց փորձով աջակցել են մի քանի գործընկերներ: Iswe հիմնադրամ/OSCA-ն օգնել է ռազմավարության և կառավարման վերաբերյալ խորհրդատվությամբ, բարձր մակարդակի մեթոդաբանությամբ, գործընթացների մշակմամբ, մշտադիտարկմամբ և հաշվետվությամբ:
Նոր մոտեցումներ
- Ներկայացուցչական ընտրանք
Համաժողովի 200 մասնակիցներն ընտրվեցին մոտ 6 հազար նախապես գրանցվածներից՝ թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքով:
- Բարձր մակարդակի ներառականություն
Առաջին «Քաղաքացիական ասամբլեա»-ն որդեգրեց ոչ խտրական քաղաքականություն՝ ապահովելով ամենատարբեր անձանց մասնակցությունը անկախ Նախաձեռնության նկատմամբ նրանց վերաբերմունքից: Բացի այդ, Երևանից դուրս բնակվող մասնակիցներն ապահովվեցին տրանսպորտով և կեցությամբ, ինչպես նաև՝ Համաժողովին առցանց հետևելու կամ քննարկումներին հեռավար մասնակցելու հնարավորությամբ:
- Անկախ ձևաչափ
Ազատ լինելով քաղաքական որևէ կախվածությունից և արտաքին ազդեցություններից՝ Համաժողովի բնորոշ գծերից մեկը եղավ թափանցիկ, ինքնակառավարվող քվեարկության անցկացումը, որում մասնակցիները և դիտորդի դերում հանդես եկող փորձագետները, գործակցային միջավայրում քննարկումներով և ազատ արտահայտվելով, ընդունեցին նախաձեռնություններ:
- Հանրության առջև բաց գործընթաց
Փորձագիտական հանձնախմբերի հանդիպումներն ու Համաժողովը լայնորեն ու անաչառ ձևով լուսաբանվել են, հեռարձակվել են ուղիղ եթերում, մասնակիցները, փորձագետներն ու հյուրերը հարցազրույցներ են տվել: Այս ամենն ապահովել է լրատվամիջոցների անխոչընդոտ աշխատանք և համապարփակ լուսաբանում:
- Որոշումների հավաքական կայացում, կամավոր մասնակցություն քվեարկության կազմակերպմանը և նոր ծրագրեր քվեարկության դնելու ազատություն
Հաշվիչ/վերահսկիչ հանձնախումբը, որը բաղկացած էր յուրաքանչյուր սեղանի ներկայացուցիչներից, առանցքային դեր ուներ Համաժողովի կառավարման, գաղտնի քվեաթերթիկների վերահսկման, նախաձեռնությունների հաստատման և քվեարկության գործում: Քվեարկություններին հաջորդում էր արդյունքների հրապարակումը՝ երաշխավորելով թափանցիկությունն ու հավաքական մասնակցությունը:
Համաժողովը՝ որպես հավաքականության և ապագային միտված լինելու արտահայտում
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» Նախաձեռնությունը հիմնված է հավաքականության և ապագայի մասին մտածելու հիմնարար հայեցակարգերի վրա:
Հավաքականությունն ընդգծում է հիմնական հարցերի շուրջ հավաքական որոշումներ կայացնելու գործընթացը՝ հավաքական մտքերն ու ջանքերը համադրելով ընդհանուր նպատակների հետ:
Ապագայի մասին մտածելն ընդգծում է նվիրվածությունը ապագային՝ ներկայում ընդունելով մոտ և հեռու ապագայի մարտահրավերները հասցեագրելու և հասկանալու կարևորությունը՝ դրանց արդյունավետ դիմագրավելու համար:
Այս սկզբունքները դրվել են Համաժողովի փիլիսոփայության և էության հիմքում՝ դրսևորվելով գործակցաբար ընթացող քննարկումներով և այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար ապագային միտված լուծումներ գտնելու ձգտմամբ:
Այս տեսլականը կյանքի կոչելու նպատակով հրավիրված Համաժողովը միաժամանակ ընդգծում և առաջ է տանում Ապագա Հայկականի փիլիսոփայությունն ու առաքելությունը՝ լինել հավաքական և ապագայակենտրոն:
[1] Եվրոպայում անցկացված այսօրինակ համաժողովների մասնակիցների թիվը զգալիորեն տարբերվում էր՝
Իռլանդիա, քաղ.ասամբլեա սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, 2016-2018 թթ., (99 մասնակից),
Ֆրանսիա, քաղ. ասամբլեա Կլիմայի փոփոխության վերաբերյալ, 2019-2020 թթ. (150 մասնակից),
Բրիտանական Կոլումբիա, քաղ.ասամբլեա ընտրական բարեփոխման վերաբերյալ, 2004 թ. (160 մասնակից),
Օնտարիո (Կանադա), քաղ.ասամբլեա ընտրական բարեփոխման վերաբերյալ 2006-2007 թթ. (103 մասնակից),
Գդանսկ (Լեհաստան), քաղ. ասամբլեա, 2016 (60 մասնակից):