Համաժողովը քննարկել է «Բնակչության աճ» նպատակը՝ առանձնացնելով 3 հիմնական ուղղությունները՝

  • «Հայաստանի ժողովրդագրական վիճակը ներկայում»
  • «Բնակչության բնական աճ»
  • «Ներգաղթ և արտագաղթ» 

9.ա. «Հայաստանի ժողովրդագրական վիճակը ներկայում» 

«Բնակչության աճ» նպատակի քննարկումները սկսվեցին Հայաստանի ժողովրդագրական խնդիրների արձանագրմամբ և դրանց մանրամասնությոնների վերաբերյալ մտորումներով։ Հարցին, թե որ ուղղությունները պետք է մեր ջանքերը կենտրոնացնել, Համաժողովը արտահայտեց միասնական դիրքորոշում՝ նշելով, որ պետք է կենտրոնանալ միաժամանալ բոլոր ուղղություններով վրա.

Բնակչության աճ ապահովելու արդյունավետության տեսանկյունից մեր ջանքերը պետք է միաժամանակ ուղղել ծնելիության աճին, արտագաղթի նվազեցմանը և ներգաղթի ավելացմանը (54.90%)

Համաժողովի քննարկումներում մասնակիցներն արձանագրեցին, որ միաժամանակ մի քանի ուղղություններով ջանքեր գործադրելու համար անհրաժեշտ են այնպիսի նախաձեռնություններ, որոնց իրականացումը կունենա մի քանի բաղադրիչ և որոնք կկարողանան միաժամանակ հասցեագրել տարբեր խնդիրներ։

9.բ. «Բնակչության բնական աճ»

Համաժողովի մասնակիցներից շատերը կարծում էին, որ Հայաստանի ներկա ժողովրդագրական իրավիճակն ու խնդիրներն այնքան օրհասական են, որ պետությունը պետք է առաջնահերթ կարևորություն տա հենց այդ խնդիրներին և դրանց լուծմանը։ Այս հարցի վերաբերյալ Համաժողովը որդեգրեց հստակ մոտեցում.

‒ Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է հռչակել երկրում իրականացվող քաղաքականության գլխավոր ուղղություն, որին պետք է սպասարկեն մյուս ոլորտների քաղաքականությունները։ Մինչև հիմա այն ընկալվում է որպես սոցիալական օժանդակության գործիք (74.67%)
‒ Սխալ կլինի բոլոր ուժերն ուղղել ներգաղթ ապահովելու ուղղությամբ, երբ Հայաստանում ունենք գործազրկության բարձր մակարդակ և աղքատություն։ Առանց տնտեսական զարգացման և գործազրկության խնդիրները լուծելու՝ ներգաղթը հանգեցնելու է սոցիալական լարվածության (57.89%)

Արձանագրված նպատակին հասնելու համար Համաժողովը առաջնահերթ համարեց հետևյալ ծրագիրը.

  • «Երեխաները՝ նախևառաջ» նախաձեռնություն – Երեխաների զարգացմանը, ուսմանը միտված՝ գործող բազմաթիվ ծրագրերի փոխգործակցության հարթակ, որը էապես կավելացնի դրանց ընդգրկունությունը (66.47%)

Ծրագրի առաջնահերթ նպատակն է բացահայտել այն հիմնական ծառայություններն ու կարիքները, որոնք պետք է բարելավեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել երեխաների արդյունավետ խնամքը, ծնողներին հնարավորություն տալ լիարժեք կատարելու իրենց պարտականությունները, աջակցել փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին և դրանով իսկ ուղղակիորեն ու անուղղակիորեն խրախուսել ծնելիության բարձրացումը: Ծրագրի երկրորդական նպատակն է ստեղծել միավորող հարթակ, որը կմեկտեղի այս ուղղությամբ աշխատող կազմակերպություններին` նպաստելով նրանց համագործակցությանը ծնելիության խրախուսման և երիտասարդ ընտանիքներին ու նրանց երեխաներին աջակցելու համար անհրաժեշտ սոցիալ-տնտեսական հիմքերի զարգացման ու ամրապնդման գործում:

  • Հանրային առողջության, առողջ ապրելակերպի իրազեկման նախաձեռնություն – Տարբեր խողովակներով և հարթակներով հանրային առողջության և առողջ ապրելակերպի վարման իրազեկման միջոցառումների և մարքեթինգային արշավների իրականացում (64.66%)

Այս ծրագիրն առավելապես ուղղված է վերարտադրողական առողջությանն առնչվող խնդիրների լուծմանը և առողջապահական նման հիմնախնդիրներին՝ խթանելով առողջ ապրելակերպի և հիվանդությունների կանխարգելման մասին տեղեկատվության տարածմանն ու առողջապահական կրթության: Հաշվի առնելով Հայաստանի առողջապահական համակարգում առկա մարտահրավերները, որտեղ համապարփակ ծառայությունները հաճախ անհասանելի կամ թանկ են, կարևոր է դառնում առողջապահական կանխարգելիչ միջոցառումների շեշտադրումը: Առողջ ապրելակերպը առաջնահերթություն համարելով՝ նախաձեռնությունն իր ուշադրության կենտրոնում է պահում հանրային առողջության հիմնախնդիրը՝ նպատակ ունենալով դրականապես ազդել Հայաստանի ժողովրդագրական աճի վրա՝ բարելավելով վերարտադրողական առողջությունը և բնակչության ընդհանուր առողջական վիճակը:

  • Երիտասարդ ընտանիքներում կոնֆլիկտների կառավարման աջակցության կառույցներ – Մարզերում և Երևանում ընտանեկան վեճերի, ամուսնալուծության եզրին կանգնած ընտանիքներին մասնագիտական աջակցություն, խորհրդատվություն տրամադրող կենտրոնների (այդ թվում ՝ գործող) ցանցի ստեղծում (56.41%)

Նման նախաձեռնությունը կարող է կարևոր դեր խաղալ վերարտադրողական առողջության և հարակից խնդիրների լուծման գործում՝ նպաստելով ընտանեկան ներդաշնակ միջավայրի պահպանմանը: Մասնագիտացված աջակցություն և խորհրդատվություն տրամադրելով բաժանման վտանգի առջև գտնվող ընտանիքներին՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել կոնֆլիկտների լուծմանը և ընտանիքների միասնության պահպանմանը՝ դրանով իսկ անուղղակիորեն նպաստելով վերարտադրողական առողջությանն ու համայնքի հզորացմանը:

  • Երիտասարդական փոխանակումների կոորդինացիոն խորհուրդ (ամբողջական նկարագիրը տե՛ս՝ Պատմական Պատասխանատվություն, 3.դ.)

Համաժողովի երեք Նպատակների համար էլ առաջարկելով բազմակողմանի և ճկուն լուծումներ՝ այս ծրագիրը կարող է նպաստել մասնակիցների միջև ամուր կապերի ստեղծմնաը, որի արդյունքում նոր ընտանիքների ձևավորումը կարող է դառնալ իրական արդյունք՝ ուղղված Սփյուռքում և Հայաստանում հայ ընտանիքների շատացմանը և հայ ինքնության ու մշակույթի պահպանմանը։

9.գ. «Ներգաղթ և արտագաղթ»

Համաժողովի քննարկումներից պարզ դարձավ, որ միայն ներգաղթի կազմակերպմամբ հնարավոր չէ մեղմել ժողովրդագրական խնդիրները։ Միաժամանակ պետք է կրճատել նաև արտագաղթի ծավալները։ Ընդգծելով երկու խնդիրների կարևորությունը՝ Համաժողովը նախատեսում էր խնդրի լուծումը որոշակի հաջորդական քայլերով.

  • Ճիշտ է նախևառաջ արտագաղթած հայաստանցիների ներգաղթի կազմակերպումը (54.61%)

Տրվա բարդ խնդրի հաղթահարման համար Համաժողովն առաջարկեց հետևյալ գաղափարները՝

  • Ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն – Ներգաղթի գործընթացի մասնագիտական կառավարման մարմին, որը նաև կկարողանա կանխատեսել մոտակա հնարավոր հոսքերը դեպի Հայաստան և պատշաճ կերպով պատրաստվել մարդկանց ներգաղթին (74.94%)

Ներգաղթի կազմակերպման և շահերի պաշտպանության գործակալության ստեղծումը շատ կարևոր է երկրում ներգաղթի գործընթացն արդյունավետ կազմակերպելու և Հայաստանը աննախադեպ միգրացիոն հոսքերին նախապատրաստելու համար: Նմանատիպ ծրագրի անհրաժեշտությունն ավելի է կարևորվում, եթե հաշվի առնենք, որ ասիական և աֆրիկյան մի շարք երկրներից Հայաստան ժամանող ոչ էթնիկ հայ ուսանողների և աշխատողների հոսքը ներկայումս բավականին մեծ է։ Լուծելով պրոֆեսիոնալ կառավարման խնդիրը և կանխատեսելով ապագա միգրացիոն միտումները՝ նման գործակալությունը կարող է օպտիմալացնել ներհոսքի ինտեգրման ջանքերը՝ ավելի սահուն դարձնելով անցումը ներգաղթյալների համար և զգալիորեն նպաստելով Հայաստանի ժողովրդագրական ու տնտեսական զարգացմանը:

  • «Back to Armenia» համահայկական շարժում (65.14%) (ավելին տե՛ս՝ Հայաստան-Սփյուռք միասնականություն 5.բ.)

Որպես լայնածավալ ներգաղթի ռազմավարական նախաձեռնություն, որը Համաժողովի երեք նպատակների ընդհանուր խնդիրների տիրույթում է՝ «Back to Armenia» համահայկական շարժումն ուղղակիորեն կնպաստի ժողովրդագրության բարելավմանն ու տնտեսական զարգացմանը՝ լուծելով բնակչության նվազման և աշխատուժի պակասի կարևորագույն մարտահրավերները։

  • ԱՄՆ Կոնգրեսի Սոցիալական ապահովության (Social Security) օրենքում լրացում կատարելու լոբբինգ – Բանաձև, որը հայ թոշակառուներին թույլ կտա ստանալ ամերիկյան թոշակ՝ ապրելով երկրից դուրս, տվյալ դեպքում՝ Հայաստանում։ Սա կխթանի հայրենադարձությունը (51.37%)

Սոցիալական ապահովության օրենքը կարող է նշանակալից քայլ լինել ամերիկահայ թոշակառուների հայրենադարձությանն աջակցելու համար՝ առանց իրենց կենսաթոշակային նպաստները կորցնելու: Հայտնի փաստ է, որ այն անհատները, ովքեր հեռացել են իրենց հայրենիքից, մեծ տարիքում հաճախ վերադարձի շատ ավելի մեծ ցանկություն են ունենում։ Հաշվի առնելով դա՝ կարելի է եզրակացնել, որ այս նախաձեռնությունը ոչ միայն կարող է ամրապնդել կապերը Հայաստանի և Սփյուռքի միջև, այլև խրախուսել արժեքավոր փորձ ու գիտելիքներ կրող մեր հայրենակիցների վերադարձը հայրենիք։

Կսպասենք Ձեր արձագանքին և առաջարկներին

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu