Այս Նպատակի շուրջ Համաժողովի քննարկումները բաժանվեցին 4 հիմնական դիտանկյունների՝

  • «Հայոց ցեղասպանություն»
  • «Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում պատասխանատվություն»
  • «Ժառանգության պահպանում և ճանաչելիության ապահովում»
  • «Հաջորդ սերունդներին հայ պահելու պատասխանատվություն»

3.ա. «Հայոց ցեղասպանությունը»

Համաժողովի քվեարկության արդյունքում առ այսօր պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների և անհատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի նկատմամբ ձևավորվեց հավասարազոր երկու մոտեցում.

‒ Դրանք շատ արդյունավետ չեն եղել, գուցե պետք է փոխել մոտեցումը (30.61%)
‒ Դրանք արդյունավետ են եղել, սակայն համահայկական ջանքերն այսօր պետք է ուղղվեն անվտանգային խնդիրների լուծմանը (30.61%)

Հայոց ցեղասպանության ճանաչման արդյունավետ ու համարժեք արշավի համար Համաժողովն առաջարկեց հետևյալ երեք քայլերը.

  • Ցեղասպանության ճանաչման գործընթացի առցանց կոորդինացիոն խորհուրդ – կոորդինացիոն խորհուրդ, որը կներդաշնակեցնի այդ ուղղությամբ աշխատանքը համալիր ռազմավարության հետ (62,18%)

Համաժողովն ընդգծեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը ռազմավարականորեն միավորելու հավաքական հանձնառությունը: Այս ծրագիրը առանցքային է տարբեր ճակատներում նախաձեռնությունների արդյունավետությունը ներդաշնակեցնելու և բարձրացնելու առումով՝ ապահովելով ավելի ազդեցիկ ու համակարգված մոտեցում պատմական վայրագությունների ճանաչման և արդարության համար:

  • Այլ երկրների կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ներառման արշավ – ուժեղացնել լոբբիստական ջանքերը տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության թեման ուսանելու և դասավանդելու համար (60,26%)

Լինելով համամարդկային հանցագործություն և դատապարտվելով բազմաթիվ երկրների կողմից՝ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առ այսօր շատերին հայտնի չէ ու, ինչ-որ իմաստով, անտեսված է: Համաժողովն ընդունել է, որ ի տարբերություն Հոլոքոստի, Հայոց ցեղասպանությունը պատշաճ ձևով չի դասավանդվում և բազմաթիվ հայեր, հատկապես Սփյուռքում, բազմաթիվ դպրոցներ ու համալսարաններ այն չեն ուսումնասիրում: Խնդիրը հատկապես լուրջ է հաջորդ սերունդների համար: Այս արշավը կարող է լուծել տվյալ խնդիրը: 

  • Հայկական «Հակազրպարտչական լիգա» իրավապաշտպան մեխանիզմ – հայկական իրավական ինստիտուտ, որը կառաջնորդի ժխտողականության դեմ պայքարը (60,26%)

Համաժողովն ընդգծեց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարելու և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմի հաստատման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը: Այս հաստատությունն առանցքային դեր կունենա հայկական պատմական ճշմարտության և արժանապատվության պաշտպանության գործում՝ իրավական ճանապարհով պայքարելով ապատեղեկատվության և ժխտողականության դեմ՝ ապահովելով արդարություն և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածություն գլոբալ մակարդակում:

Համահայկական ջանքերն անվտանգային այսօրվա խնդիրների լուծմանն ուղղելու հարցում Համաժողովն առաջնահերթ համարեց հետևյալ քայլերը.

  • «Համահայկական համացանցային բանակ» – վիրտուալ տեղեկատվական պատերազմներում և սոցիալական բոլոր ցանցերում առավելության հասնելու նպատակով ներգրավել դրան մասնակցել ցանկացող բոլոր հայերին (75.64%)

Ադրբեջանը և որոշ կառույցներ մշտապես ներգրավված են Արցախի ու Հայաստանի դեմ առցանց ագրեսիվ արշավների մեջ՝ թիրախավորելով մարդկանց, տարածելով ատելության խոսք, ապատեղեկատվություն ու կեղծ նարատիվներ՝ վնասելով հայկական շահերը, աղավաղելով փաստերը և քողարկելով հայերի դեմ իրենց գործած հանցանքները: Սոցիալական մեդիայում և առցանց հարթակներում ջանքերի համակարգմամբ՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի միավորել հայերին ամբողջ աշխարհում և պայքարել ապատեղեկատվության, կեղծիքների ու ատելության խոսքի դեմ, հերքել պատմական կեղծիքները և հանդես գալ փաստական ու միացյալ պատասխանով ապատեղեկատվական արշավների դեմ՝ դրանով պաշտպանելով հայկական իրավունքներն ու ժառանգությունը թվային դաշտում:

  • Համահայկական լոբբիստական ցանց — Լրացնել հայկական լոբբիստական հաստատությունների կատարած մեծ աշխատանքը միասնական, համահայկական ձևաչափով (64.51%)

Համահայկական լոբբիստական ցանցի հիմնումը կարող է կտրուկ բարձրացնել հայկական լոբբիստական ջանքերի արդյունավետությունը՝ միավորելով այս ուղղությամբ աշխատող հայկական կառույցների ջանքերը միասնական ձևաչափում: Այս համակարգված մոտեցումը կբազմապատկի հայկական ձայնի հնչեղությունը գլոբալ մակարդակում՝ ապահովելով միջազգային հարթակներում հայերի շահերի և իրավունքների ավելի հզոր ներկայացվածություն ու պաշտպանություն: Արցախում էթնիկ զտումների և հայերի բռնի տեղահանման համատեքստում այս նախաձեռնությունը կարող է կարևորագույն նշանակություն ու ազդեցություն ունենալ Արցախի հայերի իրավունքների և շահերի բարձրաձայնման առումով:   

3.բ. «Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում պատասխանատվություն»

Համաժողովը հատուկ առաջնահերթություն համարեց Արցախի և դրա պահպանման հարցում մեր պատմական պատասխանատվությունը: Սա հստակ արտահայտվեց միանշանակորեն ընդունված հետևյալ դիրքորոշումներում.

  • Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է (92.71%) 
  • Ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար հանձն առնի, որ ստանձնում է Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների ու, առավել ևս, արցախցիների ուսերին (83.87%) 

Հաշվի առնելով, որ Արցախի հիմնախնդիրը կարևոր է աշխարհի բոլոր հայերի համար՝ խնդրի շուրջ քննարկումները և լուծումները պահանջում են Հայաստանի և Սփյուռքի միասնական մոտեցում: Համաժողովը ընդգծեց, որ աշխարհասփյուռ հայությանը հուզող հարցերը պետք է լուծվեն Հայաստանի և Սփյուռքի հավաքական ջանքերով` շեշտելով նման կարևորագույն խնդիրների լուծման գործում միասնականության անհրաժեշտությունը: Ղեկավարվելով այս համոզմամբ՝ Համաժողովն ընդունեց հետևյալ ծրագրերը.

  • Աշխարհի հայերի «Արցախ՝ 10մլն» համաժողով – որի հիմնական օրակարգն է արդյունավետ մեխանիզմների ձևավորումը, որոնք կդառնան Արցախի և աշխարհի հայության կապը ինստիտուցիոնալացնող հանգույցներ (59.62%)

«Արցախ՝ 10մլն» համաժողովը գլոբալ հայության համախմբման կարևորագույն մի նախաձեռնության խորհրդանիշ է՝ ուղղված առողջ մեխանիզմների ստեղծմանը, որոնք ինստիտուցիոնալացնում են աշխարհասփյուռ հայության միջև կապը՝ հանուն Արցախի: Այս համաժողովը կարող է էական նշանակություն ունենալ համերաշխությունը խթանելու, Արցախի մարտահրավերների ու ձգտումների նկատմամբ մտահոգության համահայկական բնույթն ապահովելու և հայերի հավաքական ուժն ու ռեսուրսներն ամենուրեք օգտագործելու առումով՝ աջակցելով Արցախի անվտանգությանն ու զարգացմանը:

  • «Արցախ» համահայկական զարգացման հիմնադրամ – ֆինանսավորել ծրագրեր, որոնք ուղղված են Արցախի տնտեսության զարգացմանը և անվտանգության ուժեղացմանը՝ աշխարհասփյուռ հայությանը մասնակից դարձնելով ազգային այս կենսական խնդրի կարգավորմանը (57.05%)2

Զարգացման ծրագրերի համար «Արցախ հիմնադրամ»-ի ստեղծման գաղափարը կարող է կենսունակ լինել նաև Արցախի էթնիկ զտումից հետո: Դրա հիմնումը կունենա ռազմավարական նշանակություն՝ ներգրավելով աշխարհասփյուռ հայությանը Արցախի ժառանգության պահպանման նախաձեռնություններին անմիջականորեն նպաստելու և Արցախի բռնի տեղահանվածներին տնտեսապես (և ոչ միայն) աջակցելու գործում՝ խորհրդանշելով ազգային մարտահրավերներին դիմակայելու և ճգնաժամը միասին հաղթահարելու հավաքական ջանքերը։

3.գ. «Ժառանգության պահպանում և ճանաչելիության ապահովում»

Ժառանգության պահպանման հարցում Համաժողովի դիրքորոշումը պարզ ու հստակ էր.

  • Մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը մեր պարտքն է, ինչի համար թե՛ պետությունը, թե՛ աշխարհասփյուռ հայությունը պետք է այնքան ռեսուրս ծախսեն, որքան անհրաժեշտ է, և արդյունավետորեն իրականացնեն այդ գործը (61.74%)

Հայկական ժառանգության պահպանման և ճանաչելիության ապահովման խնդիրը հասցեագրելու նպատակով Համաժողովն ընդունեց հետևյալ առաջարկները.

  • Մեկ միասնական հայկական ժառագության ցանկ – Հայկական ժառանգության նմուշների փաստաթղթավորում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի նման համակարգի ստեղծում (72.19%)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի օրինակով հայկական ժառանգության բոլոր նմուշների միասնական ցանկի ստեղծումը կենսական նշանակություն ունի աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային և պատմական արժեք ունեցող ամենատարբեր նմուշների ցուցակագրման և ճանաչման համար: Այս նախաձեռնությունը ոչ միայն նպաստում է հայապահպանությանը, այլև բարձրացնում է հայկական ժառանգության վերաբերյալ իրազեկվածության ու գնահատման մակարդակը ամբողջ աշխարհում: Այն կարող է ղեկավարվել համահայկական համատեղ կոմիտեի և պահպանության ֆոնդի կողմից:

  • Պատմական ժառանգության արժեքների թվայնացման արշավ – Բոլոր թանգարաններում մեր ունեցած նմուշների թվայնացման, պահպանման և տարածման ընդարձակ նախագիծ (59.30%)

Պատմական ժառանգության արժեքների թվայնացման արշավը կարևոր քայլ է հայկական մշակութային գանձերը պաշտպանելու և աշխարհին ներկայացնելու  ուղղությամբ: Դրանց թվայնացմամբ Հայաստանն ապահովում է իր մշակութային ժառանգության դիմացկունությունը՝ հաշվի առնելով դրանց ֆիզիկական քայքայման ու վերացման  սպառնալիքները: Սա նպաստում է ժառանգության նմուշների գլոբալ հասանելիությանը և տվյալ ոլորտում հետազոտական աշխատանքներին:  Հատկապես մեր օրերում, երբ օկուպացված Արցախում հայկական ժառանգությունը  վտանգված է՝ հայտնվելով Ադրբեջանի սպառնալիքի ներքո, նման նախաձեռնությունները կենսական են և կարող են էական նշանակություն ունենալ։

3.դ. «Հայկական ազգային ինքնությունը պահպանելու պատասխանատվությունը»

Հայոց լեզուն և ինքնությունը պահպանելու հարցի վերաբերյալ Համաժողովի գերիշխող տեսակետը հետևյալն էր.

  • Լեզուն իմանալը կարևոր է, բայց լեզուն միայն գործիք է, իսկ լեզվի իմացության պարտադրումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Հարկավոր են շահագրգռող մեխանիզմներ, համապատասխան միջավայր, որպեսզի հայերեն սովորելը լինի շահավետ և հետաքրքիր: Միայն դրանից հետո մենք կարող ենք ակնկալել, որ կխրախուսենք աշխարհի տարբեր ծայրերից եկած հայ երիտասարդներին սովորել և ընդունել իրենց լեզուն ու մշակույթը (72.90%) 

Համաժողովն ընդունեց, որ մեզ անհրաժեշտ են ժամանակակից մոտեցումներ և մեխանիզմներ, որոնք կկարողանան արդյունավետորեն լուծել խնդիրը և երիտասարդության մեջ կզարգացնեն սեր ու հետաքրքրություն հայոց լեզվի նկատմամբ։ Այս կապակցությամբ Համաժողովը հանդես եկավ հետևյալ առաջարկներով.

  • Երիտասարդական փոխանակումների կոորդինացիոն խորհուրդ – Կրթական փոխանակումների, ճամբարների, հանդիպումների և փոխայցելությունների ավելացում և համակարգում (70.90%) 

Երիտասարդական փոխանակումների կոորդինացնող խորհուրդը կարևոր նշանակություն ունի կրթական փոխանակումների և մշակութացման ծրագրերի ընդլայնման ուա արդիականացման համար՝ ընդհանուր փորձի և ուսման միջոցով զգալիորեն ամրապնդելով հայ երիտասարդների միջև կապն ամբողջ աշխարհում:

Առնչվելով Համաժողովին քննարկված բոլոր երեք Նպատակներին՝ ծրագիրը ենթադրում է բազմակողմ մոտեցում՝՝ առաջարկելով պարզորոշված մի շարք խնդիրների համապարփակ լուծում: Դյուրացնելով տարբեր փորձառություն ունեցող հայ երիտասարդների միջև անմիջական շփումները՝ այն կարող է էապես նպաստել հայապահպանությանը՝ անկախ աշխարհագրական դիրքից երաշխավորելով մշակութային եզակի ինքնության սերնդեսերունդ փոխանցումը: Այն կարող է նաև ծառայել մշակութային փոխանակման ակտիվ հարթակ՝ թույլ տալով ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի երիտասարդներին կիսվել իրենց փորձով, ավանդույթներով և արժեքներով՝ այդպիսով փոխադարձաբար հարստացնելով միմյանց ըմբռնումն ընդհանուր ժառանգության նկատմամբ:

  • «Հայոց լեզուն՝ խաղերի միջոցով» ծրագիր – հայոց լեզվի և հայ ժողովրդի մասին գիտելիքի խթանում ժամանակակից համակարգչային խաղերի ստեղծման և տարածման միջոցով (58.66%)

Հայոց լեզուն սովորելու հարցում սա կարող է բեկումնային լինել: Ծրագիրը ենթադրում է համակարգչային ժամանակակից խաղերի (հավելվածների) գրավչությունը օգտագործելով երիտասարդներին հաղորդակից դարձնել հայոց լեզվին և մշակույթին: Այս մեթոդը հայերենի ուսուցումը դարձնում է և՛ ինտերակտիվ, և՛ զվարճալի՝ զգալիորեն մեծացնելով լեզվի պահպանման ու օգտագործման հավանականությունը հատկապես Սփյուռքում իրենց ժառանգությամբ հետաքրքրված երիտասարդների շրջանում:

  • Հայկական վիրտուալ համալսարանների ցանց – աշխարհում հայոց լեզվի և պատմության ոլորտներում մասնագիտացող հայերի շրջանում առցանց կրթության առաջ մղման մեծ խթան (53.51%)

Նման համալսարանների հիմնումը և դրանց ցանցային կապը կարող է նշանակալի քայլ լինել ամբողջ աշխարհում հայոց լեզվի և պատմության ուսումնասիրության ուղղությամբ՝ աշխարհասփյուռ հայությանը հնարավորություն տալով կապվել իրենց ժառանգության և միմյանց հետ՝ անկախ աշխարհագրական սահմանափակումներից: Ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտական առարկաները և թեմաները, ինչպիսիք են «Հայոց պատմությունը», «Հայ ինքնության պահպանումը», «Հայոց ցեղասպանությունը» և «Արցախը» կարող են դասավանդվել և լայնորեն տարածվել Սփյուռքի հայկական համայնքներում։ Այն կարող է նաև օգտակար գործիք լինել Սփյուռքի հայկական դպրոցների համար ուսուցիչներին վերապատրաստելու հարցում:

  • Հիմնադրամի/ինստիտուտի ստեղծում, որը կկազմակերպի Հայաստանում հայոց լեզվի ուսուցիչների պարբերական այցեր Սփյուռքի համայնքներ (մանրամասների համար տե՛ս Հայաստան-Սփյուռք միասնականություն, 5.գ.):

Կսպասենք Ձեր արձագանքին և առաջարկներին

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu